«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու սպասվող ընտրություններին մասնակցելու հարցով բաց է մնում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հարցը. վերջինս զբաղված է իր սիրած գործով՝ գումար աշխատելով։ Նա ներկայացումներ է խաղում ՀՀ-ում եւ նրա սահմաններից դուրս: Տիգրան Ավինյանի ու Մանե Թանդիլյանի պարագայում պարզ է, թե ովքեր են նրանց քաղաքական հենարանները, թիմակիցները, մարդիկ, որոնք կանգնած են նրանց հետեւում, իսկ Մարությանի իրավիճակը շարունակում է անհասկանալի մնալ:Նա քաղաքապետ էր դարձել 2018թ.-ի իշխանափոխությունից հետո, երբ իշխանության վարկանիշն ամենաբարձրն էր, ու կապ չուներ, թե ով է անձը, կարևորը՝ ում կմատնանշեր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա նա ոչ միայն իշխանական թեկնածուն չէ, այլեւ չունի թիմ, ում վրա կհենվի։ Մեզ փոխանցեցին, որ Հայկի թիմը հիմնականում օպերատորներ, պրոդյուսերներ, ադմիններ էին, որոնք կարողանում էին լավ տեսանյութեր նկարել, միջոցառումներ կազմակերպել, բայց շատ թույլ ու անփորձ էին համայնքային խնդիրներն ընկալելու, դրանց լուծումներ տալու հարցում:
Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ Հայկ Մարությանի համար խիստ տհաճ էր նույնիսկ առավոտյան ֆիքսված ժամին աշխատանքի հաճախելը, ժողովներ անցկացնելը, հարցերի մեջ խորանալն ու դրանց ադեկվատ լուծումներ տալը: Հիշեցնենք, որ Մարությանն ամենաշատն աշխատավայրից բացակայող քաղաքապետն էր, հաճախ է «աշխատել» հեռավար, շատ էր իր հաշվին արձակուրդ վերցրել, ու բոլորին պարզ էր, որ նա իրեն այդքան էլ հարմարավետ չի զգում պետական պաշտոնում:
Սրան էլ գումարած՝ անդադար կոնֆլիկտներ էր ունենում կառավարութան ու ավագանու անդամների հետ. փաստացի Մարությանի հետ արդյունավետ աշխատել չի ստացվել ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Հայկի շրջապատին մոտ կանգնած մարդկանցից մեզ փոխանցեցին, որ քիչ հավանական են համարում նրա առաջադրումը. եթե առաջադրվի ու ինչ-որ հրաշքով նորից քաղաքապետ դառնա, ապա, իր բնավորության համաձայն, արագ կհոգնի, կսկսի փնթփնթալ աշխատանքային ծանրաբեռնվածությունից:
Անընդhատ տարբեր լուրեր են շրջանառվում՝ Հայկ Մարությանի առաջադրման հետ կապված, քանի որ ինքն էլ չի կողմնորոշվում, թե, ի վերջո, առաջադրվի ավագանու ընտրություններին, թե ոչ:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի։ Այս մասին մեր լրագրողին ասել է ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի եւ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես միջնորդել է դատարանին, եւ պատրաստ են բացառիկ հնարավորություն տալ Տոնոյանին, որ արձակուրդի ընթացքում հյուրընկալվի հանձնաժողովում եւ իր ասելիքը բարձրաձայնի։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն հուլիսի 16-ին արձակուրդ է մեկնում։ Անդրանիկ Քոչարյանը վստահեցրել է նաեւ, որ Տոնոյանին հնարավորություն են տալու ընտրել՝ հանձնաժողովում հանդես գալ փա՞կ ռեժիմով, թե՞ ուղիղ եթերով, ինչպես արեցին վարչապետ Փաշինյանի դեպքում։ Քոչարյանը հույս ունի, որ դատարանը դրական որոշում կկայացնի։ Հիշեցնենք, որ մեկուկես տարուց ավելի բանտում գտնվող Դավիթ Տոնոյանն օրերս հայտարարեց, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով թույլատրել, որ ներկայանա ԱԺ հանձնաժողովի նիստին: Նա ընդգծել է, որ որոշել է բացատրություններ տալ՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին: «Ունենալով առանցքային դերակատարում պատերազմի ղեկավարման ժամանակ՝ շատ ասելիք ունեմ հանձնաժողովին»,- հայտարարել էր նա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝ դավաճա՛ն։
«Ապրիլ ամսին երեկոյան է եղել միջադեպը Աբովյան փողոցում՝ բոլորիս հայտնի Շրջանայինի հատվածում։ Պատգամավոր Բաքոյանն ինչ-որ մեկի հետ կանգնած զրուցում էր, ես տեսա, կանգնեցի ու նրան ասացի՝ դավաճա՛ն:
Անկուսակցական եմ, որեւէ խմբակցության չեմ հարում, ուղղակի իմ գնահատականը իրենց գործունեությանը տվեցի: Բաքոյանի համար անակնկալ էր իմ ասածը, ու հետո տգեղ բառերով սկսեց հայհոյել, ինքը անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ, սակայն իր հետի անձը կանխում էր, որ առաջ գար: Ինքը որ այդպես ագրեսիվ ուզում էր առաջ գալ դեպի ինձ, հարցրեցի՝ առաջ ես գալիս, որ թքե՞ս, ձեզ մոտ լավ է ստացվում, քանի որ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքը նոր էր եղել: Այդտեղից ավելի ագրեսիվացավ, հայհոյեց: Ինձ մոտեցան կանայք եւ խորհուրդ տվեցին, թե՝ տղա ջա՛ն, շառ է, վերջացրո՛ւ, ու միջադեպն այդպես ավարտվեց»:
Ըստ Սամվել Վարդանյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Բաքոյանը ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու. «Գիտեք, այս մարդը փորձում է խփել, ծեծել քաղաքացուն։ Մի քիչ տարակուսանք է առաջացնում՝ ոնց է նա պաշտպանելու իմ կամ, առհասարակ, այլ քաղաքացու իրավունքները»:
Նշենք, որ Սամվել Վարդանյանը ամիսներ առաջ տեսել է նաեւ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրան եւս դավաճան է ասել, ինչի արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են, ու մինչ օրս նա չի կարողանում աշխատանք գտնել։ Շատերը հրաժարվում են ընդունել նրան։
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, վերջերս լարվել են ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանի հարաբերությունները։ Անդրեասյանը, ով դատական համակարգը որոշել է ամբողջությամբ կառավարել, Թադեւոսյանին զգուշացրել է, որ պիտի կապը խզի արտաքին աշխարհի հետ` իրավապահ եւ պետական մյուս մարմինների հետ չպետք է կոնտակտի մեջ մտնի՝ քրեական խնդրահարույց գործերի հետ կապված:
Որ բոլոր կոնտակտները պետք է իրականացվեն իր միջոցով: Նա էլ պետք է բոլորին ասի` ճշտեք, դիմեք Անդրեասյանին՝ լինի դա կառավարություն, դատախազություն, թե այլ մարմին։ Թադեւոսյանի եւ Անդրեասյանի միջեւ լարվածության մասին տեղյակ են նաեւ իրավապահ համակարգի մյուս դերակատարները։
Մեզ պատմեցին, որ օրերս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է այցելել վճռաբեկ` մոտ երկու ժամ առանձնազրույց է ունեցել Թադեւոսյանի հետ: Դրանով մեսիջ ուղղելով Անդրեասյանին, որ ինքը չի կարող թելադրել գլխավոր դատախազին»: