Փաշինյանն ասել է՝ «ոնց Մինասյանին հեռացրել եք, այնպես էլ իր փոխարեն հարմար թեկնածու գտեք»

Հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը ՔՊ-ականների ճնշման ներքո ազատվեց արդարադատության նախարարի պաշտոնից, ու մինչ օրս այդ նույն ՔՊ-ն, որ ամեն գնով հեռացրեց Մինասյանին այդ պաշտոնից, չի կարողանում նրան փոխարինողի նորմալ թեկնածու գտնել։ Իբրև թե «ֆավորիտ» թեկնածուն Արփի Դավոյանն էր՝ իր ամբողջ «հմայքով», բայց նրա թեկնածությունը գոնե այս պահի դրությամբ դեռևս չի հաստատվել։ ՔՊ վարչության նիստում էլ նրա օգտին քվեարկող գրեթե չի եղել։
Հիմա արդարադատության նախարարի թեկնածուի հարցի շուրջ ՔՊ-ում թևերի են բաժանվել և իրար «միս են ուտում»։ Այսօր մենք ԱԺ-ում փորձեցինք հետաքրքրվել, թե ում են, ի վերջո, պատրաստվում նշանակել նախարար, սակայն որևէ մեկը հստակ բան չգիտեր, քանի որ ամեն մեկը մի թեկնածու ունի, որոշները թեկնածու առհասարակ չունեն, և չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Համենայնդեպս, հասկացել են, որ Արփի Դավոյանին չի կարելի արդարադատության նախարար նշանակել՝ դա իսկական ծաղր կլինի պետության նկատմամբ։
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի՝ երկրի վարչապետ դառնալը վաղուց ծաղր է մեր երկրի նկատմամբ, բայց ՔՊ-ում դա չեն կարող քննարկել կամ խոստովանել, այս պահին ավելի իրատեսական հարց են քննարկում՝ ում նշանակեն նախարար, որ և՛ նորմալ իրավական գիտելիքներ ունենա ու կարողանա այդ բեռի տակից դուրս գալ, և՛ ծաղրի առարկա չդառնա երկիրը։
Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս այս հարցում որևէ թեկնածու չունի։ MediaHub-ին ՔՊ-ի ներսից ասացին, որ Փաշինյանը թողել է իր թիմակիցների որոշելուն և մոտավորապես հասկացրել է, թե՝ «ոնց Գրիգոր Մինասյանին հանեցիք պաշտոնից, այնպես էլ նրան փոխարինող հարմար թեկնածու գտեք»։
Ասացին՝ Փաշինյանն ի սկզբանե չի միջամտել Գրիգոր Մինասյանին հեռացնելու գործընթացին, ասել է՝ եթե այդպես եք ուզում, ապա հեռացրեք։ Հիմա էլ նույն կերպ ասում է՝ «դուք էիք ուզում հեռացնել, հիմա էլ գտեք հարմար մեկին, որ փոխարինի Մինասյանին»։ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը ի սկզբանե ոչ կողմ է եղել Գրիգոր Մինասյանից ազատվելուն, ոչ՝ դեմ, սա զուտ իր որոշ թիմակիցների ամբիցիաների հարցն է եղել, նա էլ չի խառնվել ներկուսակցական խմորումներին, թողել է, որ թիմը ինքը որոշի, ինքն էլ դրա տակից դուրս գա։ Ու մինչև հիմա դեռ չեն կարողանում դուրս գալ այս անհասկանալի և նեղ-անձնական ամբիցիաներով ուղղորդված անհեռատես որոշման տակից։
Վահե Մակարյան