ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում ԵՄ արտահանման 70%-ի վրա՝ տարեկան 380 միլիարդ եվրո արժողությամբ

ԱՄՆ-ը, չնայած «սառեցման» մասին իր հայտարարություններին, արդեն իսկ գործող մաքսատուրքեր է սահմանել դեպի այս երկիր ԵՄ արտահանման 70%-ի վրա, որը կազմում է տարեկան 380 միլիարդ եվրո, և Վաշինգտոնը պատրաստվում է ընդլայնել դրանք մինչև եվրոպական արտահանման 97%-ը։
Այս մասին հայտարարել է առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շևչովիչը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում։
Նրա խոսքով՝ այս կերպ ԱՄՆ-ն կարող է 2025 թվականին ԵՄ ապրանքների վրա հավաքագրել 100 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր՝ 2024 թվականին հավաքագրված 7 միլիարդ եվրոյի համեմատ։
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը դեռևս որևէ պատասխան միջոց չի կիրառել Միացյալ Նահանգների դեմ, քանի որ այն «բարի կամքի դրսևորում է արել» և 90 օրով հետաձգել է պատասխան միջոցների ներդրումը՝ «բանակցություններին հնարավորություն տալու համար»։
«ԱՄՆ-ն ժամանակավորապես նվազեցրել է ԵՄ-ի նկատմամբ իր համընդհանուր մաքսատուրքերը 20%-ից մինչև 10%: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի 10%-ից 25% մաքսատուրքերը դեռևս տարածվում են 380 միլիարդ եվրոյի եվրոպական արտահանման վրա, որը կազմում է ԵՄ-ից ԱՄՆ արտահանման բոլոր ծավալների 70%-ը», - ասել է Շեֆչովիչը:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է ընդլայնել ԵՄ-ի դեմ մաքսատուրքերը՝ անցկացնելով վեց հակադեմպինգային հետաքննություն Եվրոպայից ներմուծվող ապրանքների դեմ, այդ թվում՝ դեղագործական արտադրանքի և դրանց բաղադրիչների, կիսահաղորդիչների և դրանց արտադրության համար նախատեսված սարքավորումների, հազվագյուտ հանքանյութերի և դրանց վերամշակված արտադրանքի, նաև բեռնատարների և դրանց պահեստամասերի դեմ։
«Եթե այս բոլոր հետաքննություններն ավարտվեն մաքսատուրքերի սահմանմամբ, Վաշինգտոնը մաքսատուրքեր կսահմանի ԵՄ արտահանման 97%-ի վրա»,- ասել է եվրահանձնակատարը։
«Մաքսատուրքերի առումով սա հսկայական գումար կլինի։ 2024 թվականին ԱՄՆ-ն ԵՄ ապրանքներից հավաքագրել է 7 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր և սակագներ։ Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումը ցույց է տալիս, որ 2025 թվականին այս թիվը կարող է հասնել 100 միլիարդ եվրոյի, եթե մաքսատուրքեր սահմանվեն ԱՄՆ-ում ներկայումս ընթացող բոլոր հակադեմպինգային հետաքննությունների համար։ Սա անընդունելի է», - ասել է Շեֆչովիչը։
Շեֆչովիչը, որը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի պահանջով բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ սակագնային հարցի շուրջ, կրկին նշել է, որ ԵՄ-ն առաջարկում է, որ Վաշինգտոնը հրաժարվի 100 միլիարդ եվրո սակագնային եկամուտներից, «երկու կողմերի համար փոխադարձ սակագները զրոյի հասցնի», վերադառնա անարգել տրանսատլանտյան առևտրին և համատեղ ապահովի իրենց մատակարարման շղթաների անվտանգությունը, մասնավորապես՝ հազվագյուտ հողային պաշարների հետ կապված։
Եթե ԱՄՆ-ն մերժի Բրյուսելի առաջարկը, Շեֆչովիչը խոստացել է դատի տալ, նաև ձեռնարկել պատասխան առևտրային միջոցառումներ և «օգտագործել Եվրոպական հանձնաժողովի տրամադրության ներքո բոլոր միջոցները»։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ուսումնասիրում է իր առևտուրը դեպի այլ երկրներ վերաուղղորդելու հնարավորությունը, քանի որ ԱՄՆ-ն «կազմում է համաշխարհային առևտրի 13%-ը, և ԵՄ-ն մտադիր չէ մոռանալ մնացած 87%-ի մասին»։