Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Քոչարյանը վերադարձել է, ընդդիմությունն՝ արտահերթ նիստին, «օդում կախված» ստատուտը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս Գերմանիայից վերադարձել է Հայաստան եւ այսօր մասնակցելու է իրեն առաջադրված մեղադրանքի դատական քննությանը։ Հիշեցնենք, որ Քոչարյանի դեմ 2 մեղադրանք կար առաջադրված, մեկը Մարտի 1-ին առնչվող մեղադրանքն էր (սահմանադրական կարգի բռնի տապալում), որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, մյուս մեղադրանքը կապված է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու դեպքի հետ: Մեղադրանքը ՀՀ նախկին նախագահը չի ընդունում: Այսօր` ապրիլի 18-ին, կշարունակվի դատավարությունը:

Հիշեցնենք, որ այս երկու էպիզոդով դատաքննությունը սկիզբ է առել 2019 թ. հոկտեմբերի 7-ին, իսկ վերջին նիստը կայացել է 2023-ի հունվարի վերջին: Դատաքննությունը մտել է գրավոր ապացույցների հետազոտման փուլ:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է Ազգային ժողով: Նա ներկայացնելու է «Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը։ Քննարկմանը մասնակցելու է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, որը տեւական ժամանակ է՝ բոյկոտել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ֆորմատը, որին մշտապես մասնակցում է Փաշինյանը։

Ընդդիմադիրները Փաշինյանի ու նրա ղեկավարած կառավարության անդամների հետ հրաժարվեցին առերեսվել անցած տարվա մարտի 23-ի հարցուպատասխանից հետո, երբ ՀՀ վարչապետը սկանդալային հայտարարություն արեց, թե այսուհետ մատ թափ տալով կխոսի նրանց հետ, ովքեր կհամարձակվեն իրեն մեղադրել Արցախը հանձնելու մեջ։Հետո էլ սպառնաց, թե` «մատ էլ թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ», եւ ընդդիմությունը՝ վրդովված, լքեց նիստերի դահլիճը։ Այնուհետեւ փողոցում ակտիվացավ Դիմադրության շարժումը, եւ մինչեւ աշուն ընդդիմադիրները խորհրդարան չգնացին, իսկ հոկտեմբերին վերադարձան, բայց որոշեցին չմասնակցել կառավարության հետ հարցուպատասխաններին։ Ինչո՞ւ են որոշել մասնակցել Փաշինյանի ներկայությամբ այսօրվա նիստին։

Երեկ մեր հարցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Որովհետեւ ծրագրի կատարողականի մասին հաշվետվությունը ներկայացվում է տարեկան մեկ անգամ»։ Ակնհայտ է, որ ընդդիմադիրները տեղի են տալիս հանրության քննադատություններին, որ ո՛չ փողոցում են ակտիվ, ո՛չ խորհրդարանում են Նիկոլի ստերը բռնում, թողնում են, որ իշխանությունն ինչ ուզի, անի, ինչ ուզի, ասի»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները սառեցնեն Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Իշխանական շրջանակներում խոսում են, որ մինչ այս պահը դիվանագիտական խողովակներով չեն կարողացել համոզել Մոսկվային, որ դրա վավերացումն իրենց եւ հատկապես Պուտինի դեմ չէ։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին ՀՀ ՍԴ-ն որոշեց, որ ստատուտը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, եւ Հայաստանի կառավարությունը կարող է շարունակել համաձայնագրի վավերացման գործընթացը։ ՍԴ որոշումից հետո ՀՀ կառավարությունն ունի 3 ամիս՝ ստատուտի վավերացման հարցն ԱԺ ուղարկելու համար։Մինչ այս պահը չի ուղարկվել։ Ստատուտի վավերացմամբ Հայաստանը ոչ միայն կկարողանա դիմել Միջազգային քրեական դատարան, եւ Ադրբեջանի ագրեսիայի հարցերը կարող են քննվել միջազգային դատարանում, այլեւ պարտավոր է կատարել այդ դատարանի որոշումները, իսկ ընդամենը վերջերս միջազգային դատարանը Պուտինին ձերբակալելու որոշում է կայացրել։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ որոշումից հետո ՌԴ պաշտոնական շրջանակներից հնչեցին կոշտ արձագանքներ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին իշխող ուժի անդամները մեկը մյուսի հետեւից սկանդալների կենտրոնում են հայտնվում:

Մեկ ԱԺ նախագահն էր սկանդալի կենտրոնում, մեկ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, որ ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, վիրավորանքներով խոսեց ընդդիմության թեկնածուի հետ՝ սպառնալով մարմնի տարբեր մասեր կտրել: Օրեր առաջ էլ համացանցում հայտնվեց ֆեյսբուքյան նամակագրության «սքրինը», որտեղ երեւում էր՝ ինչպես է ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը սեռական հայհոյանքներով խոսում քաղաքացիների հետ:

Ուշագրավ է, որ նախկինների արատավոր վարքուբարքի մասին աղաղակող քաղաքական ուժն իր ներսում անգամ չի քննարկում այս աղմկահարույց դեպքերը, ավելին՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով փորձում են արդարացնել իրենց թիմակիցների անթույլատրելի արարքները:

Այս միջադեպերից հետո չհնչեց գեթ մեկ ներողություն ՔՊ-ականների կողմից, փոխարենը նրանք մեկը մյուսի հետեւից շտապեցին ներողություն խնդրել ծանրամարտի Եվրոպայի աշխարհի առաջնության բացման ժամանակ թշնամի երկրի դրոշն այրելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման քննարկում չի եղել նաեւ երեկ կայացած ՔՊ նիստում, որը անցնում էր ԱԺ 334 սենյակում:

Տպավորություն է, որ միջազգային հանրությունը եւս պատրաստ է աչք փակել գործող իշխանության նույնիսկ ամենալկտի արարքների վրա: Ստացվում է՝ ՔՊ-ականներն արտոնյալ են. այն, ինչ չէր կարելի նախկիններին, կարելի է գործող իշխանություններին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի ցուցաբերած պահվածքը, որը ուղեկցվում էր սպառնալիքներով, խուլիգանական վարքագծով, կներվի:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացվել,
ասել է թե՝ քաղաքական որոշումը կայացված է, իրավապահները պետք է հիմնավորեն դա:

Ինչպես հայտնի է, այդ օրը ընդդիմության միասնական թեկնածու Էդգար Ղազարյանի նկատմամբ Արթուր Հովաննիսյանը ցուցաբերեց ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլեւ խուլիգանական պահվածքով սպառնաց կտրել Ղազարյանի ականջներն ու լեզուն: Նա նաեւ հայտարարեց, որ հանձնաժողովի նիստը խանգարում է, ինչը կարող են ներկաները արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված նամակը՝ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կողմից, ըստ էության, մերժվել է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունը հասցեագրվել էր ՀՀ քննչական կոմիտեին: Երեկ հետքրքրվեցինք կոմիտեից, թե ինչ են արել Թովմասյանի գրության հետքերով, հարուցվել է կամ կհարուցվի արդյոք քրեական գործ Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ: Ի պատասխան՝ Քննչական կոմիտեից պաշտոնապես հայտնեցին. «Քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն է կազմվել այդ նիստի ընթացքում հնչած արտահայտությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պատճառով»:

Պարզեցինք, որ խուլիգանական վարքագիծ դրսեւորած Արթուր Հովհաննիսյանն ինքն էլ է իրավապահներին գրություն ուղարկել՝ պահանջելով քրգործ հարուցել այդ օրը կատարվածի առիթով, միայն թե պարզ չէ՝ Հովհաննիսյանն ում է մեղադրում:

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ինչպես երևում է, «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ կրքերը չեն մարում։ Նախնական տարբերակով նախատեսվում էր առարկան կրթական ծրագրերից հանել 2023 թվականից, սակայն Հայ առաքելական եկեղեցու և ԿԳՄՍ-ի միջև որոշակի պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ թեմայի հետ կապված քննարկումներ կազմակերպել, որպեսզի հնարավոր լինի վերջնական լուծումներ գտնել։ Ավելին, եկեղեցու և նախարարության կողմից ստեղծվել էր նաև հանձնաժողով, որը պետք է քննարկեր առարկայի հետագա ուսուցման մեթոդիկան և բովանդակությունը։

Մասնավորաբար, նախնական համաձայնություն կար դասագրքերում և ուսումնական պլանում որոշակի փոփոխություն կատարելուց հետո ուսուցման գործընթացը շարունակել։ Օրերս ԿԳՄՍ նախարարին վեհարանում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը: Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, «Ամենայն հայոց հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, քննարկումները բավական երկարատև են եղել, սակայն որևէ էական արդյունք չեն տվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԳՄՍ նախարարությունը հաստատակամ է, այսպես կոչված, հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությանը, այսինքն, այսպես կոչված, ինտեգրմանը, ինչը նշանակում է, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպես ինքնուրույն առարկա, փաստացի կհանվի հանրակրթությունից։

«Փաստ» օրաթերթը գրում է․

Անցած շաբաթ-կիրակին լեցուն էր ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման բեմականացված արարողության ժամանակ տեղի ունեցածի՝ ադրբեջանական դրոշն այրելու և դահլիճից դուրս հանելու վերաբերյալ այլազան քննարկումներով, ամենատարբեր մարդկանց անդրադարձներով, այդ թվում՝ քպական ներկայացուցիչների արտառոց ներողություններով առ «միջազգային հանրություն»: Ու այդ ալիքը դեռ շարունակվում է: Ըստ որում, ալիքն այնպես է կլանել շատ-շատերին, որ թվում է, թե այլևս ուրիշ խնդիր չկա: Ինքը՝ Փաշինյանը, որի կյանքը, կարծես, ընթանում է ինչ-որ զուգահեռ-վիրտուալ իրականության մեջ, ապրիլի 16-ին իր սիրելի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Դիլիջանում մասնակցել է «Փոխակերպում դեպի կայունություն:

Էներգիա և ֆինանսներ» խորագրով կոնֆերանսի բացմանը, ելույթ էլ է ունեցել... Ծափ տվեք... Մյուս կողմից՝ այն պահին, երբ ՄՀՀ-ում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման վերջին նախապատրաստություններն էին տեսնում, «Եռաբլուրում» հողին էին հանձնում Տեղի մոտ զոհված մեր զինվորականներից մեկին: Իրենց ծննդավայրերում՝ մյուս երեք զոհված տղաների հուղարկավորությունն էր: Իրակա՛ն, ո՛չ վիրտուալ Հայաստանում: Այն ժամանակ, երբ իշխանական գվարդիան, Նիկոլ Փաշինյանի շուրջբոլորը հարմար տեղավորված, ՄՀՀ-ում ուրախ-զվարթ ծափողջույններ էր հղում և գլուխ գովում, որ այդ մարզական միջոցառումը Հայաստան են «բերել», ադրբեջանական իշխանությունները շարունակում էին Արցախի շրջափակումը:

Այդ նույն ժամանակ շարունակվում էր ու տակավին շարունակվում է Հայաստանի օկուպացիան՝ ադրբեջանական ագրեսորների կողմից, որոնք ամրանում են հայկական տարածքներում, խրամատավորվում ու «տնավորվում» են ընդամենը մի քանի տարի, անգամ՝ մի քանի օր առաջ հայ հողագործին պատկանող արտերում ու դաշտերում, ինչպես դա տեսնում ենք, օրինակ՝ Տեղում, թեպետ միայն դա չէ: Առհասարակ, որ մի թելն էլ թեթևակի քաշես, այնքան խնդիրներ կթափվեն, որ էլ ասելու չէ:

Բայց պարզվում է, որ մի կարտոֆիլամարտը, մի ապտակախառը հարվածը, մի կարկառուն քպականի անհեթեթ հայտարարությունը կամ խուլիգանական վարքը, մի խոսքով՝ «օրակարգ լցնող» դեպքն ու դեմքն ավելի լայն ու խլացուցիչ հանրային արձագանք են ստանում, քան թշնամու «սողացող» ագրեսիան ու Հայաստանը կրծոտելով զավթելը, քան կենսական իրողություններն ու շոշափելի սպառնալիքները... Ու որքա՞ն ենք մնալու այդպես՝ լայն փակված աչքերով: «Մինչև վե՞րջ...»:

Send