«Բոբո ձյաձյա» օպերացիան շարունակվում է. ԱԺ նախագահի մակարդակի ցուցիչը

«Բոբո ձյաձյա» օպերացիան շարունակվում է. ԱԺ նախագահի մակարդակի ցուցիչը

Հայաստանի Ազգային ժողովը վաղուց վերածվել է «բազառի», երբեմն տպավորություն է, որ երբ օրը հանգիստ է անցնում, պատգամավորները ամեն ջանք գործադրում են իրավիճակը սրելու, մեկը մյուսի վրա հարձակվելու, մեկը մյուսին վիրավորելու համար, այլապես օրը օր չի լինի:

Այսօր այդ օրերից մեկն էր, երբ ՔՊ-ն իր սիրած երգը երգեց՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, հրահրեց, պրովոկացիա արեց, գոռաց, գոռգոռաց, վիրավորանքներ հնչեցրեց... դե, այն ամենը, ինչ տեղավորվում է նախընտրական քարոզարշավի շրջանակում նախկին նախագահից «Բոբո ձյաձյա» սարքելու տրամաբանության մեջ:

ՔՊ-ականների կողմից իրենց շեֆի հրահանգը կատարելը՝ Ռոբերտ Քոչարյանով հասարակությանը մշտապես վախեցնելը օրակարգում պահելն ու թեժացնելը, լիարժեք չէր լինի, եթե նույն շոուն չսարքեին ու այսօր էլ հանգիստ խղճով չգնային ընդմիջման: Իսկ հետո էլ խորհրդարանի բուֆետում «արդար քրտինքով» վաստակած հացով լի բերաններով մեկը մյուսին հերթ չտալով կիսվել, թե ով ոնց գոռաց «կաշառակեր», «թալանչի» և այլն, և ով հասցրեց գոնե հեռվից ՔՊ-ական թաթիկով ապտակել ընդդիմությունից գոնե ինչ-որ մեկին: 

Եվ եթե բուֆետա-կուլուարային այդ զրույցներին Ալեն Սիմոնյանը կիսատ-պռատ կարող է մասնակցել, քանզի միջադեպի ժամանակ ԱԺ դահլիճում չէր և «Բոբո ձյաձյա» կերտելու ողջ ծանրությունն այսօր ընկել էր Հակոբ Արշակյանի ուսերին, ապա նա հանգիստ չէր մնա, եթե իր լուման չներդներ այդ գործում, որ շեֆին հետո ներկայացնի՝ «տեսա՞ր՝ ոնց ասեցի, աչքի թայը ոնց հանեցի շեֆ ջան»:

Հետևապես ի՞նչ է անում խորհրդարանական երկրի խորհրդարանի ղեկավարը: Ճիշտ է, սոցիալական իր էջում գրում է մի անեկդոտ, որն այլ կերպ, քան անմակարդակ չես որակի: Ավելին, եթե շարքային ՔՊ-ականը, որ նախորդ կյանքում, ասենք, Սևանի ճանապարհներին ձուկ է վաճառել կամ Դիլիջանի բենզալցակայաններում բենզին (ի դեպ, դա, բնավ, ամոթ բան չի, բայց ամոթ է, որ նմանների գիտելիքն ու կարողությունները չեն ստուգվում որևէ պաշտոնի նշանակվելուց կամ հետո հիմք չեն նրանց այդ պաշտոնից զրկելու), կարող է նման բաներ իրեն թույլ տալ, ինչին մենք, ցավոք, ականատեսն ենք, ապա ԱԺ նախագահի դեպքում սա մի քիչ մովետոն է՝ բառի բազմաշերտ բացատրություններով հանդերձ: Հուսանք՝ ԱԺ նախագահի աթոռին բազմած անձը, որ իրեն համարում է լավ կրթություն ստացած ու բոլորին դաս է տալիս հենց այդ բարձունքից, գիտի այս բառի բացատրությունը:

Ահա և անեկդոտը, որը, կրկնում ենք, խորհրդարանական երկրի խորհրդարանի ղեկավարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում՝ Նիկոլ Փաշինյանին հաշվետվություն ներկայացնելուց գլուխը բարձր պահելու նպատակով.
«Երեխան լաց լինելուվ գալիսա տուն. ասումա՝ «Մամ, բակում ինձ ասեցին Ռոբերտ Քոչարյան»:
Մայրը ի պատասխան ասում է՝ 
«Հա, հա,՛ դու բան չէիր արել, քեզ հենց ընենց տեղն ասեցին Ռոբերտ Քոչարյա՞ն»:
Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս:
Դեռ այսքանը...»,- սպառնացել է նա:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են...