ՀՀ ՆԳՆ-ն Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս (լուսանկար)

ՀՀ ՆԳՆ-ն Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս (լուսանկար)

Ներքին Գործերի նախարարությունը մի ուշագրավ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են ներկայացրել 31-ամյա Գևորգ Ռ.-ին։ 

«Նա 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արտաքուստ անմեղ այս հաղորդագրության մեջ, սակայն, քաղաքական լուրջ ու, կարելի է ասել, սկանդալային նրբերանգ կա։ Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը պաշտոնապես Ղրիմը ճանաչում է Ռուսաստանի մաս, և դա անում է Հայաստանի ներքին գործերի նախարարության միջոցով, որն իր տարածած հաղորդագրության մեջ բառացիորեն ասում է՝ «ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի․․․»։ 


Այս հաղորդագրությունը տարածել է նաև Հայաստանի պետական լրատվական գործակալությունը՝ «Արմենպրեսը»։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը չի խորշում Ղրիմը պաշտոնապես ճանաչել Ռուսաստանի մաս, այն դեպքում, երբ այս հարցին շատերը խուսափում են ուղիղ պատասխանել՝ դիվանագիտական նրբերանգներից, Ուկրաինայի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու նկատառումից ելնելով։

Ու հիմա Հայաստանը, որ մի կողմից Ռուսաստանի դեմ ուղիղ դեմարշ է իրականացնում, մյուս կողմից Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն է պատրաստվում ընդունել Հայաստանում (ըստ տարածվող տեղեկությունների), այսօր Ղրիմը ՆԳՆ խողովակով ճանաչում է Ռուսաստանի մաս։ Կամ էլ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ինքն է իր անձնական նախաձեռնությամբ այդ որոշումը կայացրել՝ չխորհրդակցելով Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Հետաքրքիր է, Վոլոդիմիր Զելենսկին, որի այցը Հայաստան (եթե այն, իհարկե, կայանա) միայն մեկ նպատակ ու իմաստ ունի՝ խորացնել ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը, այսքանից հետո կգա՞ Երևան: 

Վահե Մակարյան