Ներողություն, որ պարբերաբար ջղաձգումների եք ականատես լինում․ Վահագն Ալեքսանյան

Սիրելի քաղաքացիներ, ես ներողություն եմ խնդրում, որ դուք պարբերաբար ականատես եք լինում ինչ-որ ջղաձգումների ու ջղաձգումների այն մարդկանց կողմից, որոնք ներկայացնում են մի քաղաքական ուժ, որն իր բնույթով հպատակության, ստրկության մի յուրահատուկ ցուցիչ է, ու կարելի է ասել՝ պատմական ձևանմուշ։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

«Սիրելի քաղաքացիներ, ես էլ լավ եմ հիշում, որ 2013 թվականին մեկը, որը դեռ Բադեն-Բադենի խումարի մեջ էր մնացած, ղումարի չէ, խումարի, չնայած, տվյալ պերսոնաժի դեպքում շփոթելը հեշտ ա, գնաց ու մի գիշերում որոշեց, որ պետք է եվրոինտեգրման վեկտորը փոխի դեպի ԵԱՏՄ ինտեգրում։ Դե, ակնհայտ ա, բնականաբար չար լեզուներն ասում են, որ դրան նախորդել ա վզակոթին մի հարված, բայց դա չար լեզուներն են հուշում ու բնավ, իրատեսական չեմ համարում այդ կանխավարծակը։ Երբ ես այդ ժամանակ պատգամավոր չէի, ՀՀ քաղաքացի էի, պատկերացրեք՝ ինչ նվաստացուցիչ էր ինձ համար, որ իմ երկրի էդ նույն պերսոնաժի պատգամավորներն արդարացնում էին էդ «Ռոսիա-24»-ի պետության կողմից Ադրբեջանի զենքի մատակարարումը»,- ասաց Ալեքսանյանը։

Ալեքսանյանը ներկայացրեց, թե ՌԴ-ն Ադրբեջանին ինչ զենքեր էր մատակարարում ու նշեց, որ դեռ այդ ժամանակ էր իր համար պարզ, որ այդ զենքերը մատակարարվում են հայ զինվորներին կրակելու համար։ 

«Բայց այդ ժամանակ իմ երկրի պատգամավորները սա արդարացնում էին ու ասում՝ «ուղղակի բիզնես է»։ Հասկանո՞ւմ եք՝ էդ մարդիկ մեր զինվորներին սպանող զենքերը համարում էին բիզնես ու ասում էին՝ խորանալ պետք չի»,- ընդգծեց Ալեքսանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում