Ավանեսյանին ծանուցագիր կուղարկեն, Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջև սև կատու է անցել. Մամուլը՝ սուրճով

Ավանեսյանին ծանուցագիր կուղարկեն, Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջև սև կատու է անցել. Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել, ըստ որի՝ բժշկական հաստատություններում կարմրուկով պայմանավորված տեսակցությունները արգելվում են։ Մասնավորապես, կարող են տեսակցել հիվանդին, եթե ներկայացնում են կարմրուկի դեմ պատվաստման կամ նախկինում հիվանդացման փաստը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն՝ այժմ հիվանդանոցներում բուժաշխատողները հիվանդատես եկած մարդկանցից պետք է փաստաթղթեր պահանջեն՝ տեսակցություն թույլ տալու համար։ Փաստացի ԱՆ-ն նորից դիմել է կորոնավիրուսի ժամանակ իր կիրառության անարդյունավետությունը եւ անիմաստությունը ապացուցած հին ու փորձված մեթոդին. չէ՞ որ այդ ժամանակ էլ տեսակցությունները արգելում էին, բայց դրանից դուրս կորոնան շարունակում էր տարածվել։ Հարց է առաջանում՝ հիվանդի հարազատին տեսակցությունը արգելելով՝ ավելի քի՞չ կտարածվի կարմրուկը։ Հասարակական տրանսպորտում, մասսայական միջոցառումներին ինչո՞ւ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ չկան։ Միշտ նույն հասցեն ունեն հրամանները. ինչպես ասում են, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։

Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարը հրաման էր ստորագրել բուժաշխատողների պատվաստման մասին, ըստ որի՝ անկախ նրանից՝ անձը շփվել է կարմրուկով հիվանդի հետ, թե ոչ, պետք է պատվաստվի մեկ դեղաչափ, եթե դեռ չի պատվաստվել կամ չի հիվանդացել կարմրուկով։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը այս հարցերի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն անարդյունք. հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հերթական ծանուցագիրն են նախապատրաստում. այս անգամ այն ուղարկելու են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Ասել է թե՝ Արսեն Թորոսյանից հետո նախապատրաստվում են լսել գործող նախարար Անահիտ Ավանեսյանին։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել, ու չի բացառվում, որ գործը ջարդեն բժիշկների գլխին, իսկ խոշոր ձկներին պատասխանատվության չկանչեն, ինչպես ավանդաբար: Թե ինչից հետո են իրավապահները որոշել չգնալ խոշոր ձկների հետեւից, կներկայացնենք առաջիկայում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե եւ հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, եւ ինչ է սպասվում նրան: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որեւէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մերժվել է նաեւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը այս օրերին «փնտրտուքների» մեջ է. նա մեծ ցանկություն ունի մասնակցել աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, բայց չի գտնվում քաղաքական ուժ, որի ցուցակով կառաջադրվի. ում դիմում է, մերժում են: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութկյան նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս նախնական համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին պիտի փորձեր իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ գործը գլուխ չի եկել. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջեւ սեւ կատու է անցել, ու Սանասարյանը եւս մերժել է Մարությանին:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Դավիթ Սանասարյանին. «Նման բան չկա, տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ Հայկ Մարությանը մեզ դիմել է: Նրա հետ էլ որեւէ կոնֆլիկտ չի եղել, չկա նման բան»,-ասաց նա: Այլ կերպ ասած, պայմանավորվածությունը մինչեւ վերջ չի կայացել»։