Փաշինյանը վտանգ է զգում, Ով է խանգարել Արման Թաթոյանին. հաղթանակը «գրպանում» էր․ Մամուլը՝ սուրճով

Փաշինյանը վտանգ է զգում, Ով է խանգարել Արման Թաթոյանին. հաղթանակը «գրպանում» էր․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր թիմակիցներին (նախարարներ, պատգամավորներ, կուսակցության վարչության մյուս անդամներ), որպեսզի մեկ մարդու նման սկսեն նամակներ գրել, զանգահարել միջազգային գործընկերներին եւ հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանում իշխանափոխություն անել, եւ որ իրենք ունեն օգնության կարիք: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի Արեւմուտքից փորձում է աջակցություն ստանալ, պահպանել իր իշխանությունը՝ վախեցնելով, թե իրեն փոխարինելու կգա Հայաստանում պրոռուսական ուժ կամ գործիչ:

Հիմա ողջ թիմը, քարոզարշավին, ձայներ հավաքելուն զուգահեռ, նաեւ նամակներով ու զանգերով է զբաղված, որպեսզի տարբեր մայրաքաղաքներին բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղանա Հայաստանում: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսն էլ է ստացել հրահանգ, որպեսզի տարբեր խողովակներով տեղեկացնեն տարբեր երկրների իշխանություններին, թե ինչ վտանգներ կան Փաշինյանի իշխանության գլխին:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հռոմի ստատուտը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել առանց հիմնավորելու միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարությունը։ Մինչդեռ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը պարտադիր պահանջ է սահմանում, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանք ներկայացվի։ Այս բացթողումն արձանագրվել է նաեւ ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության կողմից, եւ կառավարությանը տեղեկացրել են, որ պետք է լրացնել անհրաժեշտ փաստաթուղթը։

Սա նշանակում է, որ, ի հեճուկս Փաշինյանի վերջին օրերի արդարացումների, իր գլխավորությամբ վերջին շաբաթներին, իսկապես, հակառուսական դեմարշ է իրականացվել, եւ անգամ հարկ չեն համարել պարզաբանումներ կցել, որ այդ փաստաթուղթը ռազմավարական դաշնակից պետության ղեկավարի դեմ չէ ընդունվում (հիշենք, որ Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը վավերացնելով՝ պետությունը պարտավոր է կատարել դատարանի՝ Պուտինին ձերբակալելու պահանջը)։

Հռոմի ստատուտը խորհրդարան ուղարկվեց սեպտեմբերի 1-ին, դրանից մեկ օր առաջ Փաշինյանն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խիստ քննադատեց ՌԴ-ին, որից հետո հայ-ամերիկյան զորավարժություններ սկսվեցին, եւ Աննա Հակոբյանը մեկնեց Ուկրաինա: Այս շղթան առաջացրեց ռուսների դժգոհությունը, եւ միայն ՌԴ-ի կոշտ հակադարձումներից հետո Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, որ Հռոմի ստատուտը ՌԴ-ի դեմ չի ընդունվում»:

«Հրապարակ» թերթը գրում է.

Ընտրությունների նախօրեին Երեւանի քաղաքապետի մի շարք պոտենցիալ թեկնածուներ սոցիոլոգիական ուսումնասիրություններ են պատվիրել, որպեսզի հասկանան` իմաստ ունի՞ առաջադրվել, թե՞ ոչ: Պատվիրատուները 3 լուրջ թեկնածուներ են եղել: Բայց նրանցից մեկի ֆինանսը չի բավարարել, որ առաջադրվի, մյուսին կազմակերպությունն է հորդորել` չմտնել, քանի որ ժամանակը կարճ է, եւ չեն հասցնի իրեն «ռասկրուտկա» անել, իսկ երրորդը, որն ամառվա տվյալներով ՔՊ-ի թեկնածուից բարձր վարկանիշ է ունեցել, ի զարմանս սոցիոլոգների, ինքն է հրաժարվել առաջադրվելուց, թեեւ հաղթանակը, այսպես ասած, «գրպանում» էր: Ենթադրաբար, այդ թեկնածուն Արման Թաթոյանն է, ում առաջադրմանը, ըստ որոշ տեղեկությունների, արմատական ընդդիմությունը խանգարեց:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից: Այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները հայրենի իշխանությունները խիստ գաղտնի են վարում, միայն Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարն են բանակցային մանրամասներին տիրապետում, գաղտնիք չէ, բայց որ իշխանական ոլորտի պատասխանատու պատգամավորներն այսքան անտեղյակ են բանակցություններից, սա իսկապես, մեղմ ասած, տարօինակ է:

«Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ մեկ օրվա մեջ բանակցային գործընթացի համար պատասխանատու երկու անձինք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը, խիստ իրարամերժ հայտարարություններ են անում: Այսպիսով, դեռ նախորդ ամիս՝ օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին երեկ լրագրողների հետ զրույցում, խոսելով հայկական կողմի փոխանցած առաջարկներից, հայտարարեց, թե Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին:

Մինչդեռ, Խանդանյանի հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ամբողջովին հակառակը հայտարարեց: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն ընդամենը երկու օր առաջ ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները: «Գործընթաց կա, քննարկում կա։ Կրկին, դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,-հայտարարեց նա: ՔՊ-ականների այս իրարամերժ հայտարարությունները կրկին փաստում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի մանրամասները խիստ գաղտնի է պահում իր թիմակիցներից: