Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանից վերադարձավ, բանակ գնաց, ու զոհվեց՝ հանուն հայրենիքի

Blog Image

44-օրյա պատերազմում հերոսացած տղաներից մեկն էլ Տիգրանն էր, ով օտար երկրից վերադարձել էր ու զորակոչվել բանակ։ Տիգրան Գառնիկի Գալստյանը ծնվել էր 2002 թվականի փետրվարի 25֊ին, Արագած գյուղում, տան չորս երեխաներից ամենափոքրն էր։ 

Տիգրանի քույրը նրա մասին մեզ պատմեց. «Տիգրանս ակտիվ, չարաճճի, անվախ տղա էր, միշտ իրենից մեծերի հետ էր շփվում, շատ համարձակ էր, փոքրուց զգացվում էր իր մեջ անկոտրում կամքը։ Մեկ տարի է հասցրել սովորել գյուղի Դ.Դեմիրճյանի անվան դպրոցում, որից հետո 2007 թվականին ընտանիքով տեղափոխվել ենք Ռուսաստան։ Շատ շուտ հարմարվում էր միջավայրին, արագ սովորեց օտար լեզուն, դպրոցից դուրս հաճախում էր մի քանի սպորտաձևի՝ ֆուտբոլ, լող, հոկեյ: Ժամանակի մեծ մասը անցկացնում էր մարզասրահում։ Տիգրանը 2018 թվականին ավարտել է ռուսական դպրոցը և աշնանն ինքնակամ վերադարձել է Հայաստան»։ 

Փոքրուց Ռուսաստանում ապրած տղան, պարզվում է, հայրենիքի ու հայրենասիրության խոր զգացումներ է ունեցել. «Հետագայում բանակային ընկերոջը պատմել էր, որ երբ իջել է օդանավից, այնպիսի զգացողություն է ունեցել, որ սա է իրենը, էլ հետ չի գնալու։ 2019 թվականի հունվարի 24֊ին անցավ ծառայության` Արցախի Մարտունի 2 զորամասում։ Մի քանի ամսվա ծառայող էր, ստացավ կրտսեր սերժանտի կոչում։ Հրամանատարությունը, նկատելով մտավոր ունակությունները, Տիգրանին նշանակել էին ականանետային հաշվարկի հրամանատար, որից հետո հրամանատարության կողմից արժանացել էր «Լավագույն զինվոր֊մարզիկ» և «Քաջարի մարտիկ» շքանշաններին»։ 

Նա բանակում էլ է զբաղվել սպորտով, մասնակցել սպորտային միջոցառումներին, ձեռնամարտում հաղթել էր: Բանակում տասը բանաստեղծություն է գրել, բայց ռուսերեն, քանի որ հայերեն գրել֊կարդալ չգիտեր: 

«Մի անգամ ամռանը արձակուրդ եկավ, մի անգամ էլ արձակուրդ չէր հասնում, բայց քանի որ մեծ եղբայրս էլ էր եկել Հայաստան և 14 տարի առաջ էր, որ մենք չորսս միասին էինք եղել, ամեն ինչ արեց և նա տուն եկավ։ Ասեց `հատուկ նկարվելու համար եմ եկել, որ չորսս միասին մեծ տարիքում նկար ունենանք, ոնց որ սիրտը զգում էր, որ էլ իրար չենք տեսնելու»,- տխուր հիշում է Արփինեն:

Բայց Տիգրանը ծառայությունից շատ գոհ է եղել` շատ լավ էր ծառայությունը անցնում, մինչև այդ անիծյալ սեպտեմբերի 27-ը։ 

«Միշտ ասում էր, որ հանգիստ ա, պատերազմի ժամանակ գրեթե ամեն օր զանգում էր, հարցնում էր` քուր ինչքա՞ն վնաս ենք տվել դրանց, ասում էի` Տիգրանս հեռախոսով չի կարելի այդ բաներից խոսալ, ասում էր` չէ, ասա` իմանամ։ Ընկերները պատմում են, որ անվրեպ կրակում էր, իրենց ճիշտ հաշվարկի շնորհիվ թշնամու երեք տանկ, մեծ թվով զինտեխնիկա և մարդկային վնաս են հասցրել թշնամուն։ Ամեն կրակելուց արկի վրա թշնամուն գրություն է թողել։ Զոհվելուց մի քանի օր առաջ մկրտվել էր` յոթ ընկերների հետ, շատ էր ուրախացել, միշտ խաչ էր կրում։ Մեծ հավատք ուներ, իրենց դիրքում յոթ ընկերներով մատուռ էին կառուցել` սուրբ Սարգիս անունով»,- արտասվելով պատմում է քույրը։ 

Տիգրանը եղել է իրենց դիրքի ավագը և մի վայրկյան անգամ չի մտածել նահանջելու մասին: Հերոսը, չապրելով հայրենի հողի վրա, որոշել էր այն սրբագործել սեփական թանկ արյամբ, որոշել էր ամուր պահել հայրենի սահմանը, որպեսզի թիկունքում հարազատները հանգիստ քնեն, որոշել էր ու արեց։
Տիգրանը զոհվել է իր ու իր ընկերների պահած դիրքում, հոկտեմբերի 31-ի կեսօրին, արկի պայթյունից։ Տիգրանը հերոս է, որը հավերժացել է եւ մնացել պատմության էջերում, նա մեզ հետ չէ, բայց միշտ ապրելու է իրեն ճանաչող մարդկանց պայծառ հիշողություններով։

Լիլիթ Պետրոսյան
Մանկավարժական համալսարանի ուսանող

Send