Մեր տունը քանդում են․ թողե՛ք ապրենք ու ստեղծագործենք․ «Գոյ» թատրոնի դերասաններ
Սա խաղաղ, քաղաքացիական հավաքույթ է, այստեղ է «Գոյ» թատրոնի ստեղծագործական ամբողջ անձնակազմը․ մենք պահանջում ենք չքանդել մեր տունը։ Այդ մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց թատրոնի ներկայացուցիչներից մեկը։
Նա նշեց, որ պահանջում են՝ իրենց ապրուստն ու ազատությունն իրենց ձեռքից չխլել։
«Մեզ թող իրենց ասած «լավությունը» չանեն։ Իրենք առ այսօր որևէ բան չեն ստեղծել, զբաղված են միայն քանդելով։ Մենք պահանջում ենք, որ կարողանանք ազատ ստեղծագործել մեր հայրենիքում։ Արգելում ենք մեր հայրենասիրությունը խլել։ Թող մեզ խելք չսովորեցնեն»,- նշեց նա։
Թատրոնի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց նորանշանակ տնօրենը եկել է, որ ստորագրի ու համաձայնություն տա Սունդուկյան թատրոնի հետ միավորմանը։
«Մենք մեր ստորագրությունը դրել ենք դատական հայցի տակ, ուրիշ ստորագրություն դնելու չունենք։ Եթե այսքան բանն անհասկանալի է, ապա մեր փաստաբանը կբարձրանա վերև ու նորից կբացատրի»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։