Ո՞ւմ գիտությամբ է կայացվել Պաղեստինի ճանաչումը, ի՞նչ արձագանք եղավ Իսրայելում և ինչպե՞ս դա անդրադարձավ տեղի հայերի վրա

Ո՞ւմ գիտությամբ է կայացվել Պաղեստինի ճանաչումը, ի՞նչ արձագանք եղավ Իսրայելում և ինչպե՞ս դա անդրադարձավ տեղի հայերի վրա

Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Իսրայելի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող Պաղեստին պետությունը։ Առաջին անգամ Հայաստանի կառավարությունը կատարեց իր քայլը, ինչն անսպասելի էր: 

«Մենք տեղի լուրերից իմացանք, որ ՀՀ-ն ճանաչել է Պաղեստինը որպես անկախ պետություն, և, որ Ծոցի երկրները, Թուրքիան ողջունել են այդ քայլը»,- այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» Պետախ-Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը: 

Հետաքրքրի էր, թե ինչու հենց հիմա Հայաստանի Հանրապետությունն որոշեց դա անել:  

Հայաստանը թվով  144-րդ պետությունն էր, որ պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի անկախությունը: Որոշումը չպետք է անսպասելի լիներ, սակայն Իսրայելը սվիններով ընդունեց այն և, նույն օրն առավոտյան ԱԳՆ կանչվեց Իսրայելում ՀՀ դեսպանը և բողոքի նոտա հղվեց:

«Սա, կարելի է, ասել դրական է այն առումով, որ Իսրայելը սկսեց հաշվի նստել Հայաստանի հետ որպես պետության: Մինչ այդ արհամարհում էր և դիտարկում որպես Ռուսաստանին հավելյալ մի պետություն, որը չունի սեփական դիվանագիտությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Չերնամորյանի  խոսքվ, իսրայելական մամուլը, մեղմ ասած, շատ հակահայկական և անզուսպ ձևով արձագանքեց Հայաստանի Հանրապետության՝ որպես սուվերեն պետության որոշմանը:

«Կենցաղային հողի վրա ամենուր զգացինք: Սոցցանցերում մեզ նույնիսկ մեղադրում էին «ցեղասպան» ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ: Այսինքն այնպիսի հզոր հակահայկական ալիք բարձրացավ, որ շատերը թերթերում որպես մեկնաբանություն նույնիսկ գրում էին, որ Իսրայելը ճիշտ որոշում է կայացրել՝ Ադրբեջանին որպես ստրատեգիական գործընկեր ընտրելով, քանի որ, մենք, լինելով ցեղասպանություն տեսած ազգ, աջակցում ենք ՀԱՄԱՍ-ին»,- նշեց նա:

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ վստահ է, որ որոշումը կայացվել է հատկապես խոշոր խաղացողների՝ ԱՄՆ-ի և Եվրոպական պետությունների գիտությամբ: Պատերազմը դադարեցնելուն ուղղված ճնշման ձև էր, քանի որ ինչպես գիտեք նույնիսկ Իսրայելի ամենամոտ դաշնակից՝ ԱՄՆ-ը ևս քննադատում է Իսրայելի իշխանությունների քայլերը, նշելով որ անհամաչափ ուժ է կիրառվում և ցանկանում են դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի գոտում: 

«Կոչ կանեի Հայաստանի կառավարությանը, որ եթե նման կարևոր որոշումներ են կայացնում գոնե նախորոք դեսպանատան միջոցով հակաքայլեր ձեռնարկեն, ինչ-որ կերպ հակադարձեն Իսրայելի հակահայկական պոլեմիկային: 

Այնպես ստացվեց, որ մենք հանկարծակիի եկանք և տեղում ինչպես որ կարող էինք պատասխանեցինք, բայց սա հարցի լուծում չէ: Իսրայելում ապրող մեր գրեթե բոլոր համաքաղաքացիները թե սոցիալական ցանցերում և թե նույնիսկ աշխատանքի վայրերում զգացին բացասական տրամադրություններ ու մեկնաբանություններ այս որոշման հետ կապված: Իսկ ադրբեջանական լոբբին, ադրբեջանական կազմակերպությունները ծախսեցին լուրջ գումարներ՝ ստեղծելու համար հակահայկական տրամադրություններ, ցավոք սրտի»,- փաստեց նա: 

 

Ռեբեկա Հովհաննիսյան