Չեմ մեկնաբանում. արցախցի նախկին պաշտոնյան՝ ՀՀ իշխանության կողմից պաշտոն ստանալու մասին

Արցախի նախկին ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը երեկ նշանակվել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան թանգարանի տնօրենի պաշտոնում (ԺՊ)։ Այս մասին Ղարախանյանն ինքն է գրառել ֆեյսբուքյան իր էջում, նշելով, որ իր մանկության և պատանեկության տարիներին Թումանյանը բարու ուղենիշ ու խորհրդանիշ էր։ «Գրականություն, իմաստասիրություն, արվեստագիտություն, մարդաբանություն կրող և փոխանցող Թումանյան։ Այսօր Թումանյանին մոտ գտնվելու, Թումանյան քարոզելու, Թումանյան կրելու, Թումանյանին նմանվելու և Թումանյանից դասեր քաղելու արժանապատիվ պայմաններ են ստեղծվել»-գրել էր նա։
Այս լուրը ոչ միանշանակ էր ընդունվել հանրության կողմից՝ հասկանալի պատճառներով: Ամենից շատ հնչող հարցն այս նշանակումից հետո հետևյալն է՝ ինչպե՞ս է Արցախից բռնի տեղահանված նախկին պաշտոնյան պաշտոնի առաջարկ ընդունել ՀՀ իշխանությունից, որին իր շատ հայրենակիցներ ու գործընկերներ մեղադրում են կատարվածի մեջ:
Պատասխանելով MediaHub-ի հարցերին, Լուսինե Ղարախանյանն ասաց, որ դա ապաքաղաքական պաշտոն է, որն իրեն վստահվել է ժամանակավոր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից։
«Ինձ համար հաճելի է, որ զբաղվելու եմ Թումանյանի քարոզով։ Այստեղ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, նրանցից սովորելու եմ և տալու։ Ինչ վերաբերում է քաղաքական բնույթի հարցերին, նորից ասեմ, սա չքաղաքականացված ոլորտ է, ես իմ աշխատանքը կկատարեմ սիրով»,- ասաց նա։
Անդրադառնալով իր նշանակման շուրջ քննադատությանը, նա նշեց, թե՝ այո՛, տեղյակ է: «Իմ գրառումից հետո փորձում են իրավիճակը քաղաքականացնել, անգամ ասել են, թե կոլեկտիվն առողջ չի ընդունել իմ նշանակումը։ Վստահեցնում եմ ձեզ, որ ինձ ընդունել են ջերմ ու արդեն աշխատում ենք կոնկրետ նախագծերի վրա»,- ասաց նա։
Ղարախանյանը նշեց նաև, որ արդեն 2-րդ օրն է ինքը ֆեյսբուքյան օգտատերերի թիրախում է, որոնք ստահոդ լուրեր են տարածում իր մասին։ Դրա պատճառները ևս իրեն հայտնի են, բայց դրանք մեկնաբանել չի ցանկանում։
Հունան Թադևոսյան