Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման

Մի շարք դպրոցներ անցել են հեռավար ուսուցման

Հանրապետության տարածքում կան դպրոցներ, որոնք Սուր շնչառական վարակներներով պայմանավորված, անցել են հեռավար ուսուցման։ Այդ դպրոցներից հինգը Լոռու մարզում են, մեկը՝ Տավուշի։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նրա խոսքով՝ այդ դպրոցներում ՍՇՎ-ների պատճառով բացակայությունների թիվը գերազանցել է 25%-ը։

«Այս պահին ունենք ՍՇՎ-ների ակտիվություն, ինչը բնորոշ է այս սեզոնին։ Ընդհանուր առմամբ հիվանդացության մակարդակն այս ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 1,1 անգամ ցածր է, այսինքն՝ դեպքերի նվազում ունենք»,- նկատեց նա։

Ռոմելլա Աբովյանը տեղեկացրեց, որ դեպքերի թվի արտառոց աճ, որը կարող է լուրջ անհանգստություն առաջացնել, չկա։ 

«ՍՇՎ-ի սեզոն է, ուստի կանխատեսելի էր այս ամենը։ Մենք հոկտեմբերի մեկից ուժեղացված հսկողություն էինք իրականացնում, դպրոցներում ջերմաստիճանի, ՍՇՎ-ով երեխաների թվի ամենօրյա մոնիթորինգ ենք արել և անում»,- նշեց Աբովյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում տարածված են H1N1 և RSV վիրուսները, որոնք հիմնականում երեխաների ու մեծահասակների շրջանում են տարածված։

Ինչ վերաբերում է թոքաբորբի աճող թվերին, ապա Ռոմելլա Աբովյանն ասաց, որ այդ դեպքերը մեծամասամբ կապված են H1N1-ի հետ, երբ մարդիկ տանը երկար ժամանակ պառկում են, սակայն չեն կարողանում հաղթահարել հիվանդությունը, այն տանում է դեպի թոքաբորբ։ Եվ այս շրջանում հոսպիտալացումների մեծ մասն էլ հենց այդ դեպքերով է պայմանավորված։

«Դրա համար մենք հորդորում ենք՝ վիրուսի նախանշանների դեպքում միանգամից դիմել բուժօգնության»,- ամփոփեց խոսքն ԱՆ ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նարե Գնունի