Ինչո՞վ են Արփինեն ու մյուսները ավելի լավ նախարար լինելու․ Փաշինյանի կառավարությունում կադրային սով, կառավարման ճգնաժամ է

Ինչո՞վ են Արփինեն ու մյուսները ավելի լավ նախարար լինելու․ Փաշինյանի կառավարությունում կադրային սով, կառավարման ճգնաժամ է

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, ինչպես տեսնում ենք, վեց տարի է՝ կադրային սով է և կառավարման ճգնաժամ։

Առաջինի մասին է վկայում վերջին նշանակումները, իսկ երկրորդի՝ ճգնաժամի մասին է վկայում այդ նշանակումներին նախորդած ազատումները։ Նիկոլ Փաշինյանը, ինքը լինելով ոչ պրոֆեսիոնալ, պետական կառավարման համակարգում տգետ և անտաղանդ, իր պես տգետ ու անտաղանդ անձանց է նշանակում պատասխանատու պաշտոնների, որոնք կարճ ժամանակում հասցնում են ձախողել ամեն ինչ և վարի տալ ոլորտը՝ լցնելով Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը։ Բայց Փաշինյանը չի հասկանում, որ այդ ամենը իրենից է, որ ժողովրդի համբերության բաժակն էլ իր աշխատանքից ու չարաբաստիկ կառավարումից է լցվել, և որ «մի դիմում էլ ինքը պիտի գրի»։

Նա, ինչպես և նախկինում, փորձում է իր ձախողումների և տապալված կառավարման մեղքը բարդել իր կառավարության թույլ օղակ հանդիսացող պաշտոնյաների վրա՝ նրանց ազատելով պաշտոններից, որ ցույց տա՝ ինքը մեղք չունի, այդ պաշտոնյաներն են տապալել իրենց վստահված ոլորտները, դրա համար էլ նրանց փոխում է, որ ավելի լավ լինի։

Իսկ ումո՞վ է փոխարինում այդ ազատված պաշտոնյաներին, որոնք իբրև թե պիտի ավելի լավ աշխատեն, քան, ասենք, Գնել Սանոսյանն էր աշխատում, Ռուստամ Բադասյանը, Վահե Ղազարյանը կամ Արգիշտի Քյարամյանը։ Փաշինյանը նրանց փոխարեն նշանակում է մարդկանց, որոնք դարձյալ իր թիմից են, այս պահին այլ պաշտոններ են զբաղեցնում և որևէ ֆանտաստիկ ցուցանիշներով ու դրական արդյունքներով աչքի չեն ընկել իրենց վստահված պաշտոններում, որ կարելի է նրանց վստահել այլ՝ ավելի պատասխանատու պաշտոններ։ 

Օրինակ՝ ՆԳ նախարարի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանի փոխարեն Փաշինյանն այսօր նշանակել է նրա տեղակալ Արփինե Սարգսյանին, այն դեպքում, երբ Արփինեն այս ընթացքում էլ «նախարարից հինգ պակաս» տեղակալ է եղել, հիմնական քաղաքականությունը հենց նա է մշակել և իրականացրել, և եթե Վահե Ղազարյանը ձախողել է ներքին գործերի նախարարության աշխատանքը և ոլորտը՝ առհասարակ, ապա դրանում հավասար պատասխանատվություն ու մեղքի բաժին ունի նաև նրա տեղակալ Արփինե Սարգսյանը։ Հետևաբար, ի՞նչ հույս կա, որ Արփինե Սարգսյանը նախարարի պաշտոնում Վահե Ղազարյանից ավելի լավ և արդյունավետ կաշխատի, այն էլ այն պարագայում, երբ սա ուժային ոլորտ է, Արփինեն էլ, որպես կին, աչքի չի ընկել կոշտ, տղամարդկային հատկանիշներով՝ «թիթիզ-միթիզ» կին է, որը սիրում է աչքի ընկնել ավելի շատ իր կանացիությամբ և կոկետ պահվածքով ու լուսանկարներով, քան մի ամբողջ ուժային կառույց բռունցքի մեկ հարվածով կառավարելու ունակությամբ։

Նույնը մյուս պաշտոնյաների դեպքում է։ Օրինակ՝ Գնել Սանոսյանի փոխարեն Փաշինյանը տարածքային կառավարման նախարար նշանակեց Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Ի՞նչ վստահություն կա, որ Խուդաթյանն ավելի լավ նախարար է լինելու, քան Սանոսյանը։ Ոչ մի, քանզի միայն իշխանափոխության հաշվին երիտասարդ տարիքում բարձր պաշտոնյա դարձած Խուդաթյանի կառավարման որակների մասին որևէ տպավորիչ փաստ հայտնի չէ։ 

ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանի փոխարեն էլ, ըստ տեղեկությունների, Փաշինյանը մտադիր է նշանակել ներկայում ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին, որը հերթով բոլոր պաշտոնները փորձում է՝ չունենալով համապատասխան ո՛չ փորձ, ո՛չ կրթություն, ո՛չ կառավարման որակներ։ Ի՞նչ կապ ունի Ռոմանոսը հարկային ու մաքսային համակարգի հետ, ճիշտ այնքան կապ, որքան, օրինակ, պատմության ուսուցիչ Սուրեն Պապիկյանը՝ բանակի հետ։ Այս տրամաբանությամբ, իհարկե, կարող է Ռոմանոսը դառնալ ՊԵԿ նախագահ, բայց սա աղետ է և ողբերգություն՝ կառավարման համակարգում։

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը չունի նորմալ կադրեր, որոնց հարկ եղած դեպքում կնշանակի պատասխանատու պաշտոնների, ու ստիպված իր թիմում ունեցած մի քանի հոգու միջև ռակիրովկաներ է պարբերաբար անում։ Սրա վառ օրինակն է այն, որ Գրիգոր Մինասյանի ոտքի տակը փորելուց և նրան հարկադրաբար հրաժարական պարտադրելուց հետո տևական ժամանակ ՔՊ-ում չէին կարողանում արդարադատության նախարարի նորմալ թեկնածու գտնել։ Մի պահ այն աստիճանի էին նշաձողն իջեցրել, որ անգամ Արփի Դավոյանին էին դիտարկում որպես նախարարի թեկնածու։ Ի վերջո, գտան Սրբուհի Գալյան անունով հերթական տիկնոջը, որը համաձայնեց Աննա Վարդապետյանի մոտ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից հրաժարվել և Նիկոլ Փաշինյանի մոտ արդարադատության նախարար աշխատել։

Հիմա մի հատ էլ պետք է այս բոլոր ազատված տեղակալների տեղը մարդ գտնեն՝ Արփինե Սարգսյանի, Սրբուհի Գալյանի, Ռոմանոս Պետրոսյանի, եթե իսկապես ՊՎԾ ղեկավարի պաշտոնը թողնի և գնա ՊԵԿ, ու դեռ թափուր է մնում Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, որի փոխարեն էլ գուցե մեկ այլ ոլորտի փոխնախարարի նշանակեն՝ թափուր թողնելով արդեն նրա տեղը։ Իսկ դրսից մարդիկ էլ, որոնք քիչ թե շատ պրոֆեսիոնալ են, հայրենասեր և ունեն արժանապատվության վերաբերյալ լրիվ այլ պատկերացումներ, չեն ուզում գալ և մաս կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, որ կարգավիճակի բերումով կիսեն նաև նրա վարած դավաճանական ու պետականակործան քաղաքականության ամբողջ բեռն ու պատասխանատվությունը, վերջում էլ մի գեշերվա մեջ SMS հաղորդագրությամբ դուրս թռչեն այդ պաշտոնից՝ որպես ինչ-որ մեկի հերթական նոպայի բռնկման հետևանք։

Վահե Մակարյան