Հարձակման են ենթարկվել շտապօգնության բժիշկներ, նաև կացին է նետվել նրանց ուղղությամբ․ Shamshyan

Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները:
Ժամը 20:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է իրեն օգնության ժամանած 26-ամյա բժշկի ուղղությամբ:
Շենգավիթի ոստիկանները կարողանում են արագ վնասազերծել նրան ու տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին:
Արդեն որոշ ժամանակ անց ոստիկանների և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Աշոտ Բադալյանի ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաչիկ Աղասյանի գլխավորությամբ կասկածյալը բերվում է դեպքի վայր, որտեղ էլ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Աղասյանին պատմում է, թե ինչ գործողություններ է կատարել:
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերում են, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի լինում:
Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնում է կացինը ու հայտնում, որ ինքն է այն դեպքի վայրից տարել: