Միրզոյանի «զբաղվածությունը»

Միրզոյանի «զբաղվածությունը»

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ:

Նիկոլ Փաշինյանը, նախօրեին տեղի ունեցած ասուլիսում, հայտնեց իր վարկածը՝ նաև փորձելով մեղմել Մոսկվայի զայրույթը:

«Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։

Փաստորեն, Միրզոյանը խիստ զբաղված է եղել Լաչինի միջանցքի ճգնաժամի թեմայով՝ թեև անհասկանալի է այդ հարցն արտաքին այլ ո՞ր գործընկերոջ հետ քննարկելն էր հրատապ, եթե ճգնաժամի հանգուցալուծման բանալին Մոսկվայում և Բաքվում է:

Սակայն Civilnet.am-ը բացահայտել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին Միրզոյանի «զբաղվածության» այլ պատճառ:

CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում:

Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։

Հաճախ մենք անդրադառնում ենք այս գործարքների կոռուպցիոն հնարավոր ռիսկերին՝ երկրորդ պլան մղելով բարոյական բաղադրիչը: Երբ անվտանգային նման ռիսկեր ունեցող երկրի ԱԳ և ՊՆ նախարարները զբաղված են «տնավորման» խնդիրներով, դա խոսում է գործող իշխանության անշրջելի արժեքային դեգրադացիայի մասին:

Վահրամ Բագրատյան