Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Օնիկի փոփոխությունը, Փաշինյանի անկումը, արևմտյան հյուրերը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շարունակ ինչոր բաներ է պատմել ԱԺ հիշյալ հանձնաժողովին, որի գոյության միակ խնդիրն ու նպատակը 2020-ի պատերազմի հետ կապված հիմնավոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանից ու իրենց իշխանությունից վանելն է:

Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական իշխանության ակնկալիքները բավարարած ԳՇ նախկին պետի պարագան: Նախ՝ խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր պատերազմի ընթացքում գրանցված ձախողումների, մասնավորապես՝ Շուշին թշնամուն հանձնելու համար: Չի՛ ենթարկվել: Խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որը, որպես ԳՇ պետ, ավելի քան չորս տասնյակ այլ գեներալների և բանակային ստորաբաժանումների հրամանատարների հետ դեռևս 2021-ի փետրվարին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դա Նիկոլ Փաշինյանն ու, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը բնորոշեցին որպես «ռազմական հեղաշրջում»: Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց՝ վերը նշված քրեական պատասխանատվության մասին թափանցիկ ակնարկներով, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներն իրենց ոչնչացնելու ավելի զիլ տարբերակ չգտան, քան... նույն Նիկոլ Փաշինյանի դիմաց զգաստ կանգնելն ու «չեստ տալը»: Հիմա էլ, փաստորեն, Օնիկ Գասպարյանն է որոշել նմանապես «չեստ տալ» Փաշինյանին: Այնպես որ, Օնիկ Գասպարյանի՝ օրերս 4-5 ժամ խոսելն, ինչ խոսք, իր գինն ունի: Ասում են՝ այդ գինը իր ընտրությունն է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական նշանակում:

Ուստի ամենևին չենք զարմանա, եթե կարճ ժամանակ անց պարզվի, որ նա հարմար պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից: Ընդ որում, մեր տեղեկություններով, թե՛ քաղաքացիականի, թե՛ զինվորականի դեպքում՝ բավական «սոլիդ» պաշտոն: Օնիկ Գասպարյանը ռազմական հեղաշրջում չարեց, քաղաքականության մեջ էլ չմտավ, բայց կարծես մի քաղաքական վատ կանոն լավ է յուրացրել՝ ամեն ինչ իր գինն ունի: Իսկ դա «յուրացնողների» փորձը, դառը փորձը, ոնց որ, մյուսների համար դաս չի լինում...

«Փաստ» օրաթերթը գրում է․

Գաղտնիք չէ, որ տարբեր տեղական ու արտերկրյա կազմակերպություններ պարբերաբար սոցիոլոգիական հարցումներ են անցկացնում, այդ թվում՝ իշխանությունների պատվերով: Այդ հարցումների մի մասը հրապարակվում է, մյուս մասը համարվում է, այսպես կոչված, «ներքին օգտագործման»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա սկզբից արդեն «չհրապարակվող» երկու հարցում է անցկացվել (սովորաբար՝ ամիսը մեկ անգամ պարբերականությամբ): Դրանցից մեկին առիթ ունեցել ենք անդրադառնալ իշխանության ընդհանուր վարկանիշի կտրվածքով:

Ինչ վերաբերում է վերջերս անցկացված հարցմանը, ապա, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք առավել ոչ մխիթարական են եղել իշխանության և մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի համար: Ըստ այդմ, հունվար-փետրվարի ընթացքում Նիկոլ Փաշինյանի անձնական «դրական վարկանիշը» նվազել է 6 տոկոսով: Փոխարենը 17 տոկոսով ավելացել է նրա անձնական «խիստ բացասական» վարկանիշը՝ հասնելով շուրջ 40 տոկոսի:

Եթե սրան գումարենք, որ ևս 12 տոկոսը պատասխանել է, որ «ավելի շուտ» քվե չի տա Փաշինյանին, ապա սա նշանակում է, որ եթե առաջիկայում ընտրություն լինի, ընտրողների առնվազն 52 տոկոսը, ինչպես ասում են, «եթե մատներն էլ կտրեն», Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին ձայն չի տա: Ինչ վերաբերում է Փաշինյանի ընդհանուր «դրական» (ամբողջովին դրական և «ավելի շուտ» դրական՝ միասին) վարկանիշին, ապա այն չի գերազանցում 21-22 տոկոսը, ընդ որում՝ Երևանում՝ 16-17 տոկոսը:

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում արևմտյան մեծ պատվիրակության այց է նախատեսվում տարածաշրջան։ Տվյալ դեպքում խոսքը ԱՄՆ Պետդեպի՝ հարավկովկասյան տարածաշրջանային ներկայացուցիչների մասին է, որոնք նախատեսում են բավականին ներկայացուցչական կազմով այցելել Երևան և Բաքու։ Մեր տեղեկություններով, այցի բուն նպատակն է հենց տեղում հասկանալ ընթացիկ պատկերը և տիրող ընդհանուր իրավիճակը։

Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ներկայացրած զեկույցները, և Պետդեպում նպատակահարմար են գտել հենց առաջին ձեռքից հասկանալ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում։ Թերթի տեղեկություններով, նախատեսվում է տեղում փորձել գտնել լուծումներ և, կախված իրավիճակից, հետագա բանակցությունների նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ այցն առաջին հերթին Վաշինգտոնի համար կարևոր է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման, սեփական դիրքերի ամրապնդման, ինչպես նաև ԵՄ դիտորդներին, այսպես ասած, հավել յալ «քարտ-բլանշ» տալու տեսակետից։

«Հրապարակ» թերթը գրում է. 

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարությանը ՔՊ-ականները «պրիզնատ» չեն գալիս, եւ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը որերորդ անգամ ֆրակցիայի հատուկ նիստ են հրավիրում ու թիմակիցներին սպառնում կարգապահական տույժերով, այդ թվում՝ աշխատավարձից պահումներով։ Երեկ էլ նիստերի օրակարգը սպառելուց հետո հերթական պատժիչ նիստն էին հրավիրել։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են, որ Կոնջորյանը նախատել է պատգամավորներին ոչ միայն ԱԺ-ի, այլեւ խմբակցության նիստերից բացակայելու համար, ասել է, որ պատժի ձեւեր են մտածելու։ Առիթը եղել է ՄԻՊ թեկնածուի հետ նախօրեի հանդիպումը, որին քիչ պատգամավորներ են ներկա գտնվել։ ՔՊ-ականի կարծիքով, քանի դեռ խմբակցության ղեկավարությունը չի հստակեցրել անելիքները եւ պատգամավորներին վերաբերվում է «գյադեք՝ էս կողմ, գյադեք՝ էն կողմ» սկզբունքով ու օրվա մեջ մի քանի նիստ է հրավիրում՝ փորձելով ընդգծել իրենց առաջնորդությունը, պատգամավորների կողմից նման վերաբերմունքի է արժանանալու։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին:

Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչեւ 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան եւ արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):

Send