Իսկ «գյադաները պ****կի խրոխտ մարշով» գնում ու գալիս են ԱԺ միջանցքներում

Վերջին շրջանում «նորաձև» բառի կողքին ամենահաճախ գործածվող բառը «կրթվելն» է։ Իր կառավարման յոթերորդ տարում հատկապես կիրթ լինելուն այսքան մեծ նշանակություն տվող Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ նախաձեռնած արշավը բավականին մեծ տարածում է ստացել «իրական» Հայաստանում։ Մարզից մարզ, դռնից դուռ գնացող ու աղքատությունը նախ գլխում հաղթահարել քարոզող Փաշինյանի թեզերն օր օրի ավելի են տարածվում։ Եվ, ինչպես իրադարձությունների զարգացումն է ցույց տալիս, այս՝ կրթվելու մշակույթին զուգահեռ մի նոր՝ ավելի «ժողովրդական» երևույթի քարոզ էլ է բավականին ակտիվ ընթանում՝ հենց «ժողովրդի ծոցից» դուրս եկած վարչապետի ու նրա թիմի կողմից։ Եվ ո՞րն է դա, իհարկե, հայհոյելու ինստիտուտը։ Այո՛, չզարմանաք, հենց հայհոյելու ինստիտուտը․ դե բա էլ ի՞նչ տղամարդ, որ չհայհոյի, այն էլ ժողովրդի կողմից ձևավորված «ամենալեգիտիմ» խորհրդարանում։
Վերջին քառօրյան ասվածի ամենացցուն օրինակն է, երբ ԱԺ ամբիոնից ՔՊ-ական պատգմավոր Արսեն Թորոսյանի կողմից հնչեց հայհոյանք։ «Ով մեզ թուրք կասի, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ»,- հայտարարեց պատգամավորը՝ արձագանքելով Լևոն Քոչարյանի հնչեցրած սեռական բնույթի հայհոյանքին։ Հիշեցնենք, որ նախքան Թորոսյանի ելույթը, ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանն, արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը, թե իր հորը շատերը թուրք են ասում, հայհոյել էր՝ նշելով․ «Ով իմ պապին թուրք ասի, իրա մերը *****»:
Այո՛, ժողովրդավարության բաստիոն Հայաստանում նոր բարքեր են հաստատվում, ՀՀ հպարտ քաղաքացու կողմից ընտրվածներն, առանց մի վայրկյան անգամ իրենց քաղաքացուց ամաչելու, հայհոյում են երկրի թիվ մեկ ամբիոնից․ երկրի առաջին դեմքն է թույլ տվել, ավելին, իր օրինակով այս երևույթը «պարտադրել»։ Ու ոչ միայն հայհոյում են, մի բան էլ հետո շարունակում են հոխորտալ, թե քաղաքական վենդետա է լինելու։
Այս ամենը կատարվում է մի իրականությունում, որտեղ երկրի Կառավարության ղեկավարը ուղիղ մեկ ամիս առաջ հայտարարում էր, թե անընդունելի է այն, որ պապիկներն իրենց թոռներին հայհոյել են սովորեցնում։ Ըստ էության, նրա համար միայն դա էր անընդունելի․ խոսքը բնավ չէր վերաբերում դեպքերին, երբ քաղաքական հայրն է իր հոգեզավակներին սովորեցնում՝ ինչպես ԱԺ ամբիոնից յոթ հարկանի հայհոյանք հնչեցնել։
Եվ քանի որ ամեն ինչ այքան պարզ ու թափանցիկ է, 1+1=2-ի պես հասկանալի է նաև, որ այս ամենը որևէ քաղաքական հետևանք չի ունենալու․ ՔՊ-ի համար անհասկանալի է, թե ինչու պետք է Արսեն Թորոսյանը որևէ պատասխանատվության ենթարկվի, մանդատը վայր դնի։ Ի՞նչ է արել որ․ մարդ է, մսից ու արյունից։
Ավելին, զարմանալի կլիներ, եթե հակառակ պատկերը լիներ, եթե պատգամավորը քաղաքական պատասխանատվության ենթարկվեր իր վարքի համար։ Չէ՞ որ մենք արդեն համակերպվել ենք, որ ապրում ենք Վանոյի նկարագրած ժամանակներում, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, իսկ գյադաներն, այսպես, կամուֆլյաժե բիկինիներ հագած «պուտանկի խրոխտ» մարշով գնում ու գալիս են իշխանության միջանցքներում: