Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են, Գաղտնալսում է բոլորին․ Մամուլը՝ սուրճով

Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են, Գաղտնալսում է բոլորին․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սարգիս Գալստյանի գործով, ում մեղադրում են Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մեջ, օրերս առերեսում է տեղի ունեցել նրա եւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի միջեւ, ով վկայի կարգավիճակ ունի։ Մեր տեղեկություններով, Շահրամանյանի ցուցմունքներով չի հաստատվում մեղադրանքը։ Շահրամանյանը նախագահի պաշտոնում Գալստյանին նշանակել էր իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Սեպտեմբերի 19-ին ողջ արցախահայությունը տեղափոխվեց Հայաստան, այնտեղ մնացին հատուկենտ մարդիկ, այդ թվում՝ Սարգիս Գալստյանը եւ կինը: Նրանք Արցախից մոտ 3 ամիս առաջ են Հայաստան տեղափոխվել:

Արցախի հայաթափումից հետո լուրեր էին շրջանառվում, որ Գալստյանը նշանակվել է Արցախի պարետ եւ ադրբեջանցիների հետ է համագործակցում։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ամուսինները տեղափոխվեցին  Հայաստան, որտեղ  հասնելուն պես իրավապահները ձերբակալեցին  նրանց, բայց կնոջն ազատ արձակեցին, իսկ ամուսնուն  մեղադրանք առաջադրեցին՝ Ադրբեջանի օգտին լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, սակայն նա չի ընդունում մեղադրանքը: Թեպետ նախապես ինքնախոստովանական ցուցմունք է տվել Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու մասին, սակայն որոշ ժամանակ անց հետ է վերցրել ցուցմունքը՝ ասելով, թե ճնշման տակ է նման բան ասել։ Արդեն երկու ամիս է՝ հարազատներին թույլատրում են տեսակցել կալանքի տակ գտնվող Գալստյանին:

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլը, ով լայն ժպիտով ու անհոգ հեծանիվ է քշում ու փորձում է ցույց տալ, որ լիովին վստահ է իր թիմի ու հասարակության վրա, իրականում սկսել է չվստահել անգամ իր շողքին։

Մասնավորապես, իր մտերիմ շրջապատը պատերի տակ փսփսում է, որ վերջինս իրավապահ կառույցի ղեկավարներին հանձնարարական է իջեցրել` գաղտնալսել անխտիր բոլոր ՔՊ-ական կարկառուններին։

Նա հատկապես սկսել է կասկածել ՔՊ-ի ակտիվին, որոնք երդվում են շեֆի անունով, բայց այդ երդումներն այլեւս գրոշի արժեք չունեն իր համար։

Ասում են, թե Նիկոլը հիմա հավատարիմներին ընտրում է բացառապես կնոջ՝ Աննա Հակոբյանի մոտ ստուգարք անցնելուց հետո»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանն աննախադեպ աժիոտաժի մեջ է՝ պատրաստվում է Բագրատ սրբազանի այցին։ Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանի մտերիմներն ուզում են աննախադեպ ընդունելություն կազմակերպել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր մեկնում է Սյունիքի մարզ՝ եռօրյա շրջագայության: Առաջին կանգառը՝ Մեղրի, ապա՝ Քաջարան, շաբաթ օրը՝ հանդիպում Կապանում։ Արթուր Սարգսյանը շարժման մեկնարկից սրբազանի կողքին է, ոմանք կատակում են, թե ախրաննիկն է: Նա համայնքում մեծ հեղինակություն է վայելում։ Մեր սիսիանցի զրուցակիցը կատակեց, թե «գառնուկների քասթինգ է», մարդիկ առաջարկում են` գառնուկով դիմավորել, մատաղ անել:

Փոխարենը ընդհատակ են անցել նրա ընկերները՝ Առուշ Առուշանյանը, Գեւորգ Փարսյանն ու Մանվել Փարամազյանը, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին, հիմա թեեւ թղթով ՔՊ-ական չեն, բայց հոգով ՔՊ են։ Ի դեպ, սրբազանի այցը  քայլարշավի  ֆորմատով է լինելու, նա շրջելու է փողոցներում, զրուցելու է սյունեցիների հետ»: