ԿԳՄՍ նախարարը ողջ համակարգը վերածել է աբսուրդի թատրոնի․ ուսուցիչները դժգոհ են

Սեպտեմբերին Երևանի, մարզերի տարբեր դպրոցներում աշխատող ուսուցիչները մի քանի բողոքի ակցիաներ իրականացրեցին և հանդիպեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, սակայն դժգոհ մնացին և պահանջեցին իրենց հարցերին այլ լուծումներ տալ։ Բողոքի նոր ալիք է հասունանում՝ աշխատավարձերը կրճատվել են։ MediaHub-ը հենց ուսուցիչներից տեղեկացավ մանրամասների մասին։
«Չնայած նախարարը հայտարարում է, որ դասղեկության գումարները դպրոցի հայեցողությանն են թողել, միևնույն է՝ ի՞նչ է նշանակում դասղեկության գումարը նվազեցնել, այդպես մոլորության ու շփոթմունքի մեջ են գցում ժողովրդին։ Դասղեկությունը բարդագույն գործընթաց է և քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ուսուցիչը այդ գումարի համար չի, որ դպրոցում է մնացել, բայց շատ վիրավորական է նման վերաբերմունքը: Փոխանակ ավելացնեն աշխատավարձը և խրախուսեն ուսուցիչներին, մի բան էլ իջեցնում են աշխատավարձը, տետրերի ստուգման փողը նույնպես հանել են»,- նշեց Երևանի դպրոցներից մեկի ուսուցչուհին։
Մեր զրուցակցի խոսքով ՝ իրենք ստացել են անգամ ավելի քիչ գումար, քան ստանում էին մինչ այս տետրերի ստուգման գումարի հետ միասին։
Ուսանողները ևս, ովքեր պրակտիկա են անցնում դպրոցներում, մեզ հայտնեցին, որ չեն ուզում աշխատել դպրոցում, քանի որ աշխատավարձը խայտառակ ցածր է.
«Էլ որտեղի՞ց պետք է լինի մանկավարժության ոլորտում աշխատելու մոտիվացիան, երբ անգամ արդեն այդ ուղղվածության ուսանողներն են հրաժարվում»,- հարցադրում են անում ուսանողները։
Արդյունքում ստացվում է, որ ուսուցիչներն իրենց հույսը դնում են մասնավոր պարապմունքների վրա կամ պարզապես դուրս են գալիս ոլորտից և այդ ամենից տուժում են երեխաներն ու իրենց ուսման որակը։ Ասում են՝ նախարարը ողջ կրթական համակարգը վերածել է աբսուրդի թատրոնի։
«Պատգամավորներն անընդհատ պարգևավճար են ստանում, բարձրացնում իրենց աշխատավարձերը, սակայն մենք բոլորս գիտենք, թե ովքեր են նրանք՝ իրենց ամուսիններին են աշխատանքի տեղավորում և միայն անգրագետ հայտարարություններ անում։ Պարեկները, որ դատարկ գլուխների վրա գլխարկ են դնում, բերետավորները 400․000 դրամ գումար են ստանում, իսկ Նիկոլին պաշտպանելու ժամանակ երևի 600․000։ Ու միայն ուսուցիչների գումարներն են կարողանում կրճատել։ Ինչպե՞ս է ստացվում, որ իրենց չեն ստիպում գնալ ատեստացիայի»,- եզրափակեց մեր զրուցակից մանկավարժը:
MediaHub-ը բազմիցս է անդրադարձել այս խնդիրներին և հաջորդիվ ևս կներկայացնենք մանկավարժների դժգոհությունները ԿԳՄՍՆ-ից ու անձամբ նախարար Ժաննա Անդրեասյանից:
Մարիա Զարգարյան