Շուտով 1 տարի 8 ամիս կլինի, մեր աչքը ճամփին է․ Ադրբեջանը հետ է կանգնում Հայկազովում որոնումներ իրականացնելու որոշումից

Շուտով 1 տարի 8 ամիս կլինի, մեր աչքը ճամփին է․ Ադրբեջանը հետ է կանգնում Հայկազովում որոնումներ իրականացնելու որոշումից

2023 թվականի սեպտեմբերյան ծանր իրադարձությունների ընթացքում Հայկազովում տեղի ունեցած պայթյունին MediaHub-ը շատ է անդրադարձել, գրել մարդկային ամենատարբեր պատմություններ։

Հարյուրավոր զոհերից ու վիրավորներից բացի մինչ օրս անհետ կորած է համարվում 22 մարդ։

Նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է, քանի դեռ Ադրբեջանը դրժել է այդ տարածքում ևս մեկ անգամ որոնողական աշխատանքներ իրականացնելու հնարավորության խոստումը։   

«Կար ժամանակ, երբ դեռ նոր էինք տեղահանվել, պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ստեփանակերտ փրկարարական ջոկատներ ուղարկելու՝ Հայկազովում որոնումներ նախաձեռնելու նպատակով։ Սակայն, վերջին պահին ադրբեջանական կողմը չեղարկել է։ Ընդ որում, ոչ միայն որոնումներ պետք է իրականացվեին, այլև այնտեղ թողնված թարմ գերեզմանները պետք է տեղափոխվեին Հայաստան։ Հետ են կանգնել որոշումից, անընդհատ հետաձգել։ Շուտով արդեն 1 տարի 8 ամիս է, մեր աչքը ճամփին է․․․»,- MediaHub-ին ասաց անհետ կորած քաղաքացիներից մեկի մայրը։ 

Օրերս ադրբեջանական Տելեգրամ ալիքներով մի տեսանյութ է տարածվել, որտեղ պայթյունի վայրում ադրբեջանցիները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածքից հայտնաբերվել է 48 աճյուն։ Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ դա ադրբեջանական շոուի մաս է։ Իրականում այդ կադրերը նկարվել են 2023 թվականի սեպտեմբերի վերջին։

«Գաղտնիք չէ, որ աշխարհի աչքին մարդասեր երևալու համար ամեն քայլի դիմում են։ Այդ տեսանյութը նկարվել է սեպտեմբերի 30-ին կամ հոկտեմբերի 1-ին, երբ դեռ մենք Արցախում էինք ու այդ տարածքում փնտրում էինք մեր հայրենակիցների մարմինները։ Ուղղակի նոր են հրապարակում»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող անձանց հարազատների մեծ մասի հույսը՝ գոնե մինչև 2024 թվականը չի մարել։ Ժամանակի հետ գնալով ողջ մնալու հավանականությունը շատեր մոտ արդեն մարել է։

«Սկզբնական շրջանում ասում էին՝ տեղափոխել են Շուշի, հետո ասում էին՝ Բաքու։ Իհարկե, մենք հավատում էինք դրան։ Հիմա չեմ էլ հերքում։ Գոնե եթե մի մասունք լիներ, ավելի հանգիստ կլինեինք։ Սարսափելի է սպասումը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան