Թրամփը և Օբաման աջակցություն են հայտնել Բայդենին քաղցկեղի ախտորոշման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր և կնոջ՝ Մելանիայի անունից կիրակի՝ մայիսի 18-ի երեկոյան, աջակցություն է հայտնել ամերիկյան պետության ղեկավարի պաշտոնում իր նախորդին՝ Ջո Բայդենին, որի մոտ ագրեսիվ ձևով զարգացող շագանակագեղձի քաղցկեղ էր ախտորոշվել։
«Մելանիան և ես խորապես վշտացած ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման լուրից։ Մենք մեր ամենաջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոին մաղթում ենք արագ և հաջող ապաքինում», - գրել է Սպիտակ տան ներկայիս ղեկավարը իր Truth Social սոցիալական ցանցում։
Իր հերթին, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման վստահություն է հայտնել, որ Բայդենը կպայքարի քաղցկեղի դեմ «վճռականությամբ և շնորհքով»։
«Միշելը և ես մտածում ենք Բայդենների ողջ ընտանիքի մասին։ Ոչ ոք այնքան շատ բան չի արել քաղցկեղի բոլոր ձևերի համար առաջընթացային բուժումներ գտնելու համար, որքան Ջոն, և ես վստահ եմ, որ նա կհաղթահարի այս մարտահրավերը իր յուրահատուկ վճռականությամբ և շնորհքով։ Մենք աղոթում ենք նրա արագ և լիարժեք ապաքինման համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։