Անհիմն միլիոնավոր գնումներ. Ավինյանն ուզում է ցույց տալ, թե արագ լուծում է բնակիչների խնդիրները․ Աբգարյան

Անհիմն միլիոնավոր գնումներ. Ավինյանն ուզում է ցույց տալ, թե արագ լուծում է բնակիչների խնդիրները․ Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ահազանգում է, թե «արտահերթ ընտրությունների հոտ է առնում»։ 

Թե ինչի մասին է խոսքը՝ MediaHub.am-ը ճշտեց հենց Աբգարյանից։ Վերջինիս խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը մեծամասամբ ապօրինի մրցույթներ է հայտարարում։

«Կապիտալ շինարարության մրցույթներ են հայտարարում՝ նախահաշիվ չկա՛, նախագիծ չկա՛, ո՛չ կնիք կա, ո՛չ լիցենզիա, գումարն ինչպես ուզում, այդպես էլ տնօրինում են։ Շատ մրցույթներ նշանակվել են առանց հասցեների, այսինքն գրված է՝ բարեկարգում, բայց գրված չէ, թե որտեղ։ Հիմա, եթե ես ուզում եմ գնալ, տեսնել, թե արդյոք կարիք կար այդ բարեկարգումների՝ չեմ կարող իմանալ, թե որտեղ է այն եղել, հնարավոր է, որ ոչ մի տեղ էլ բարեկարգում չի եղել և չեն էլ անելու, ապացույց չկա։ Գործ ունենք առանց հիմքերի միլիոններ արժեցող գնումների հետ»,-ասաց նա։

Ավագանու անդամը նշեց, որ աղաղակող խախտումներ են և բոլորը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում։ 

Հարցին՝ խնդիրը բարձրաձայնե՞լ է քաղաքապետի մոտ, վերջինս պատասխանեց՝ նախորդ նիստի ընթացքում խոսել է այս մասին, քաղաքապետն էլ պատասխանել է՝ ուշադիր կլինի մրցույթներին։

«Ես ահազանգել եմ, բայց չեմ տեսել, որ հետևողական են, որովհետև այն կրկնվում է։ ՊՎԾ-ին և Գլխավոր դատախազությանն էի նշել։ Ես փորձում եմ գնալ իրավական ճանապարհով, բայց ես չեմ կարող ամեն շաբաթ նոր դիմումով գնալ դատախազություն, վստահ էլ չեմ, որ այս ամենը անաչառ կհետաքննվի»,-ընդգծեց Աբգարյանը։

Մեր զրուցակիցը նկատեց՝ այն գործողությունները, որ տեղի են ունենում, սովորաբար իրականացվում են ընտրություններից առաջ՝ բնակիչներին հաճոյանալու համար։ 

«Կարծում եմ՝ գործ ունենք քաղաքական գործընթացի հետ, կա քաղաքական նպատակ և անում են այն, ինչ ուզում են»։

«Հրաչյա Սարգսյանը հայտարարել է, որ նպատակ չունի սպասվող ընտրություններին մասնակցելու. այս ամենը սկսվեց Ավինյանի գալստից հետո, Ավինյանն է պտտվում վարչական շրջաններով, գուցե ուզում է ցույց տալ, որ արագ է լուծում բնակիչների խնդիրները»,-եզրափակեց մեր զրուցակիցը։