Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ կնոջը ծեծի ենթարկելու թեմայով հրապարակումները գլխավոր դատախազությունից ուղարկվել են ազգային անվտանգության ծառայություն, «որպեսզի դրանով նշվող հանգամանքների կապակցությամբ ստոգողական գործողություններ իրականացնեն, ըստ այդմ էլ ընթացքը լուծեն»։ Այս մասին 24News-ին ասաց, գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանն նշեց, որ հրապարակումներն ուղարկվել են նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը։
Հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ դատախազությունն ուսումնասիրում է Politik.am լրատվական կայքի հրապարակումը, համաձայն որի՝ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ծեծել է իր քաղաքացիական կնոջը։
Բաքոյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան հերքել էր կնոջը ծեծելու մասին տեղեկությունները։ «Երկու բան ունեմ ասելու։ Մեկը՝ չի համապատասխանում իրականությանը տարածված տեղեկատվությունը, երկրորդը՝ գործը դատախազությունում է, ուսումնասիրության փուլում է», - նշել էր նա՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Politik.am-ի «Լուսանկարներ․ Բաքոյանն անընդհատ ծեծել է կնոջը, ում տանն ապրել է․ նրանից ստացել է գրազի 3000 եվրո գումար, փորձել է իրենով անել 13 հազար դոլար արժեցող ժամացույց․ պատմում է կինը» վերտառությամբ հոդվածում (10․06․2022) կինը պատմել է իր և Ռուստամ Բաքոյանի հարաբերությունների մասին։
Համաձայն հրապարակման՝ Բաքոյանը, պատգամավոր դառնալուց հետո մեծ ջանքեր ներդնելով, ծանոթացել է Եվրոպայում ապրող երկու երեխաների միայնակ մոր հետ, իսկ կինը, Եվրոպայում թողնելով իր եկամտաբեր աշխատանքը, տեղափոխվել է Հայաստան և նրանք սկսել են միասին ապրել։ «Հայաստանում Բաքոյանը երկու տարի ապրել է կնոջ առանձնատանը, ծախսել նրա ֆինանսական միջոցները, անգամ սեփական հագուստն է կնոջ գումարներով գնել։ Ըստ մեր զրուցակցի՝ Բաքոյանը հաճախ ստեղծում էր իրավիճակներ, որպեսզի կինը խղճահարությունից դրդված նրան գումարներ տա անձնական խնդիրները (վարկեր, պարտքեր, անասնապահության բիզնես) լուծելու համար», - գրել էր Politik.am-ը։
«Բաքոյանը մի քանի ամիս առաջ հերթական վեճերից մեկը դարձրել է պատճառ ու հեռացել է կնոջ տանից։ Ըստ մեր զրուցակցի՝ Բաքոյանը փախել է իր մոտից, քանի որ տեղեկացել է, որ իր ֆինանսական միջոցները վատացել են ու նա չի կարող նախկինի նման ցոփ ու շվայտ ծախսեր իրեն թույլ տալ, ավելին, գուցե կարիք լինի նաև որպեսզի Բաքոյանն ինքն էլ իր միջոցներից ծախսի, որպեսզի երկու անչափահաս երեխաների կարիքները հոգան», - գրել էր կայքը։