ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց մեր լուռ ակցիայով կփորձենք կոտրել միջազգային հանրության հանցավոր լռությունը

«Ի վերջո, միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ հայն անտարբեր չէ իր հայրենակիցների նկատմամբ, և ամեն ինչ պետք է անենք Բաքվում պահվող գերիներին հայրենիք վերադարձնելու համար»,- MediaHub-ին ասում է ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ երեկ Ռուբեն Վարդանյանի դատավարության ընթացքից արված կադրերից հետո, որոնք արագ տարածվեցին ադրբեջանական լրատվամիջոցներով, որոշում կայացվեց նախաձեռնել խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցների։
«Միտք ծագեց, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, տարբեր երկրների դրոշներով ակցիա անցկացնենք, որտեղ մասնակիցների բերանները փակված կլինեն կպչուններով (սկոտչ): Այսինքն, դա լուռ ակցիա կլինի, որը, կարծում եմ, պետք է կոտրի միջազգային կառույցների անտարբերությունն ու հանցավոր լռությունը»,- նշեց նա։
Ակցիան նախաձեռնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն։ Սումգայիթի զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո ակցիայի մասնակիցներն այնուհետև շարժվելու են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։
«Ռուբեն Վարդանյանը գտնվում է ծանր վիճակում և արդեն մեկ շաբաթ տևող հացադուլը մեզ բոլորիս հստակ ուղերձ պետք է լինի, որ իրավունք չունենք անտարբեր մնալու և պարտավոր ենք անել մեզանից կախված ամեն ինչ մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման համար»,- հավելեց ֆոտոլրագրողը։
Հունան Թադևոսյան