Ես տալիս եմ այն պատասխանը, որը վերաբերելի է ՄԻՊ-ի մանդատին․ Մանասյանը՝ ԱԺ նախագահի «թքելու» մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շատ փութաջանորեն հայտարարություններ է տարածում, օրինակ, Երևանում այրված տրոլեյբուսի դեպքի հետ կապված՝ դրանում հայտնաբերելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ, նաև չհայտարարված այցեր է կատարում տարբեր հաստատություններ, փոխարենը դժվարանում է հստակ գնահատական տալ, ասենք, ԱԺ նախագահի՝ քաղաքացու դեմքին թքելու կամ ՔՊ խմբակցության քարտուղարի՝ ՄԻՊ թեկնածուին ուղղված սպառնալիքների վերաբերյալ։
Երբ այսօր MediaHub-ը հիշեցրեց այդ մասին տիկին Մանասյանին, նա ոգևորված պատմեց, թե ինչով է կարևոր այրված տրոլեյբուսի դեպքին արագ արձագանքելը, բայց նորից խուսափողական պատասխան տվեց իշխանական պատգամավորների՝ առերևույթ կամ ակնհայտ խուլիգանական պահվածքին։
Օրինակ՝ ՔՊ խմբակցության քարտուղարի վարքում, երբ նա ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ասում է՝ լեզուն կկտրի, ականջները կկտրի, դրանում խուլիգանություն կամ սպառնալիք կա՞։ Կամ՝ ինչո՞ւ գնահատական չի տալիս Ալեն Սիմոնյանի կողմից Կասկադում քաղաքացու դեմքին թքելու դեպքին։ Այս ամենին Անահիտ Մանասյանն այսպես պատասխանեց․ «Մարդու իրավունքների պաշտպանը չէ որոշում կայացնողը, թե արդյոք հանցակա՞զմ կա արարքի մեջ, թե՞ արդյոք վարչական իրավախախտում կա իր արարքի մեջ։ Այդ հարցը կարող եք տալ, օրինակ, իրավապահ մարմիններին»։
Հարցին՝ ինքը գոնե դիմե՞լ է իրավապահ մարմիններին, Մանասյանն ասաց՝ բնականաբար, բոլորին ուղարկել է, բայց գնահատական այդպես էլ չտվեց։
«Դուք ամեն անգամ նույն հարցը տալիս եք, և նույն հարցերով մի քանի անգամ ես պատասխանել եմ։ Ես տալիս եմ էն պատասխանը, որը վերաբերելի է մարդու իրավունքների պաշտպանի մանդատին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում
Վահե Մակարյան