Արտակարգ ու ողբերգական դեպք՝ Երևանում. օտարերկրացի տղամարդու մարմինը հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են

Երեկ՝ ապրիլի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի ու Արտաշատի փրկարարական ջոկատների մեծ թվով փրկարարներ մինչև ժամը 21:00-ն շարունակել են որոնողական աշխատանքները՝ Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարն ընկած տղամարդու դին հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 8 կմ շառավղով քրեական ոստիկանները հատուկ փրկարարները, փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի համայնքային ոստիկանները և նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները որոնողական աշխատանքներ են կատարել և հիմնականում ոտքով, քանի որ ջրատարի հարևանությամբ ճանապարհն ամբողջությամբ «դարուփոս» էր, անձրևն էլ այն դարձրել էր ավելի անանցանելի ու մարդիկ այդ մի քանի կմ-ն խմբերի բաժանված որոնում էին։
Որոնողական աշխատողներին միացել էր նաև «Ջրառը», որտեղից էլ ժամանակավորապես ջրի հոսքը դադարեցրել էին ու մի քանի ժամ պահանջվեց, մինչև ջրի մակարդակը նվազեց։
Այսօր՝ ապրիլի 27-ին, նույնպես փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները աշխատանքերը շարունակում են։
Նրանց են միացել նաև, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կարգադրությամբ, Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր իրենց հետ բերել էին նաև տրակտորներ, որոնցով մաքրում էին ջրատարը կեղտից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առեղծվածային այս դեպքի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, ապրիլի 26-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։
Այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ էին լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել էին, որ 2 քաղաքացիներ ջրի մեջ են։
Ոստիկանները կարողացել էին այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չէր հաջողվել, քանի որ վարարած գետը քշել, տարել էր
Ոստիկանության ծառայողներից մեկը վազել էր անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվել էր ջրի տակ։
Օպերատիվորեն ժամանել էին Երևանի շտապ բուժօգնության Շենգավիթ վարչական շրջանի 6-րդ ենթակայանի բժիշկների թիվ 63 բրիգադը՝ բժիշկ Վլադիմիր Աբգարյանի գլխավորությամբ, ովքեր տեղում անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել ոստիկանների կողմից ջրից դուրս բերված կնոջը, ով ոտքերի և մարմնի տարբեր հատվածներում վնասվածնքեր ուներ։
Ահազանգով դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և նույն գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հարմանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու և Շենգավիթի բաժինների օպերատիվ խմբերը՝ Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, Էրեբունու բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Որոնողափրկարարական աշխատանքները իրականցվում էին 3 ուղղություններով։ Փրկարար ծառայությունից նաև կապ էին հաստատել «Ջրառ» ՓԲԸ-ի օրվա պատասխանատու հերթապահի հետ և համաձայնություն էր ձեռք բերվել ժամանակավորապես փակել ջրի հոսքը դեպի ջերմաէլեկտրակայանի տարածքով անցնող ջրատար, այսպես ասած որպեսզի ջուրը նստի ու թե՛ փրկարարներին, թե՛ ջրասուզակին հեշտ լինի որոնողական աշխատանքներ կատարելը։