Հերթական «ինքնիշխան» քայլն ընդդեմ Ռուսաստանի, գումարած՝ լրացուցիչ ֆինանսական օգուտ ԱԱԾ-ականներին

Հերթական «ինքնիշխան» քայլն ընդդեմ Ռուսաստանի, գումարած՝ լրացուցիչ ֆինանսական օգուտ ԱԱԾ-ականներին

Կառավարությունն այսօր որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը այսուհետ դեկտեմբերի 20-ի փոխարեն պետք է կնշվի հունվարի 8-ին։

Հիմնավորման մեջ ոչ մի տրամաբանական բացատրություն նշված չէ՝ ընդհանուր բարեփոխումների համատեքստում է արվում և վերջ։ Մինչդեռ սա, իրականում, հերթական հակառուսական քայլն է: Ազգային անվտանգության ծառայողի կամ, այսպես կոչված, «չեկիստի օրը» ռուսական ԿԳԲ-ից է գալիս և դեկտեմբերի 20-ը դեռ խորհրդային միության տարիներից նշվել է որպես «չեկիստի օր»:

Հիմա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փոխում է այդ օրը, որ ռուսական չեկիստի օրվա հետ նույն օրը չնշվի: Այսպես են վարվել նաև Վրաստանը, Ուկրաինան՝ փոխելով դեկտեմբերի 20-ը այլ օրով։ Սա պարզ դեկոմունիզացիա է և հակառուսականություն։ Հայաստանի իշխանությունները ուզում են այս հարցում էլ «ինքնիշխան» երևան և «անկախանան» ռուսական կապանքներից։ 

Բայց այստեղ նաև տնտեսական շահ էլ կա հենց ԱԱԾ ծառայողների համար։ Եթե   դեկտեմբերի 20-ին  պարգևավճար չէին ստանում, քանզի այն համընկնում էր 13-րդ աշխատավարձի հետ, ապա հիմա բոլոր օրինական հիմքերը կունենան և՛ 13-րդ աշխատավարձ ստանալու, և՛ պարգևավճար հունվարին։ Եվ բոլորը կլինեն գոհ ու երջանիկ:

Վահե Մակարյան