Քաղաքացիները փակել են ԶՊՄԿ տանող ճանապարհը․ ի՞նչ են պահանջում

Քաղաքացիները մի քանի պահանջով փակել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը։ 

«Մենք պահանջում ենք, որ քաղաքացիներին փոխհատուցում տրամադրեն, քանի որ Քաջարանի բնակիչները ստիպված են կոմբինատի արձակած թունավոր օդը շնչել։ Մենք վատնում ենք մեր առողջությունը, ինչի համար գոնե փոխհատուցում պետք է լինի»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Քաջարանի բնակիչներից մեկը։

Բացի այդ, նրա խոսքով, իրենցից շատերը կոմբինատում են աշխատում ու աշխատավարձերի բարձրացում են պահանջում։

«Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում առողջությունը վտանգելով աշխատել ու գրոշներ ստանալ»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին ԶՊՄԿ-ի ղեկավար կազմը հանդիպում է ակցիա կազմակերպած անձանցից մի քանիսի հետ՝ լսելու և հասկանալու պահանջները։

«Ճանապարհն այս պահին բացել ենք, բայց չգիտենք, թե հետագա ինչ քայլեր կլինեն»,- նշեց նա։

Մեզ հետ զրույցում քաջարանցիներից մեկն էլ ասաց, որ իրենց  ծրագիրը հօգուտ քաջարանցիների է, Քաջարանի այն երիտասարդների, որոնք անմնացորդ կռվել են հայրենիքի համար, բայց այսօր չեն կարողանում աշխատանք գտնել հենց այս ձեռնարկությունում։

«Չնայած այն հանգամանքին, որ ԶՊՄԿ 5000 և ավել ընտանիքների ապրուստի միջոցն է, հասցնում է մեծ էկոլոգիական վնաս մեզանից յուրաքանչյուրին և շրջակա միջավայրին, և մեր հիմնական խնդիրներից մեկը հենց օդի աղտոտվածությունն է, որի դիմաց ցանկանում ենք յուրաքանչյուր շնչին հասնող դրամական օգնություն։ Հույս ունենք, որ մեր ծրագրերը կյանքի կկոչվեն և քաջարանցին կապրի բարեկեցիկ պայմաններում»,- նշեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այս կոմբինատն իրենց պապերն են ստեղծել և պետք է առաջնահերթության սկզբունքով աշխատանքի տեղավորվեն հենց իրենք՝ քաջարանցիները։

Նարե Գնունի