Կոտայքում արդեն 173 խոզ է սատկել, աֆրիկյան ժանտա՞խտն է պատճառը

Կոտայքում արդեն 173 խոզ է սատկել, աֆրիկյան ժանտա՞խտն է պատճառը

Այսօր ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր, որ Կոտայքի մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել։  

Ըստ նրա՝ խոզերը համատարած սատկում են, իսկ պատկան մարմինները ոչ մի գործողություն չեն ձեռնարկում։

Ի՞նչ է իրականում կատարվում: MediaHub-ին Կոտայքի մարզպետարանից ասացին, որ տեղյակ են կատարված դեպքից։ Նշեցին՝ պարզվել է, որ այն տեղի է ունեցել Կոտայքի մարզի Կամարիս գյուղում  և այդ հարցով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։

Կառույցից էլ մեզ տեղեկացրին՝ ստացել են ահազանգն ու ընթացք են տվել։

Կամարիսի գյուղապետ Հովհաննես Սարգսյանն էլ MediaHub-ի  հետ զրույցում նշեց, որ հիվանդության պատճառը ստույգ հայտնի չէ, սակայն այս պահին հայտնի է, որ երկու ֆերմեր է տուժել․ մեկը Արարատ Դանիելյանն է, ում տնտեսությունից տուժել է 137 խոզ, իսկ մյուսը՝ Վարուժան Ներսիսյանը, վերջինիս տնտեսությունից սատկել է 36 խոզ։

«Սննդի անվտանգության տեսչական մարմինն օրենքով սահմանված բոլոր միջոցառումները կատարում է՝ կասեցնելու համար վարակի տարածումը, իսկ համայնքապետարանը հատկացրել է հատուկ տեղ՝ սատկած անասունների համար»,- ասաց Կամարիսի վարչական ղեկավարը։

Նշենք, որ աֆրիկյան ժանտախտն արագ տարածվող վարակիչ հիվանդություն է: 2023 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնեց, որ Ասկերանի շրջանում հայտնաբերվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ հիվանդության երկու օջախ, շուրջ 50 վարակված խոզ է ոչնչացվել։ 

Վիկա Աբգարյան