Այս տարի ԵՄ–ի հետ վիզայի ազատականացում տեղի չի ունենա․ ե՞րբ սպասել

ՀՀ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցն այսօր քննարկել է ԵՄ Խորհրդում մշտական ներկայացուցիչների կոմիտեն։ Հավանություն է տրվել Եվրահանձնաժողովի առաջարկին՝ Երևանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ 27 երկրների կողմից այս որոշումը դեռ պետք է հաստատվի և միայն դրանից հետո ԵՀ-ն կհայտարարի գործընթացի մեկնարկի ամսաթիվը։
Սակայն, արդյո՞ք մոտ է այն պահը, երբ ԵՄ–ի հետ վիզայի ազատականացման բանակցությունները կհասնեն տրամաբանական վերջնակետի․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղաքագետ Գարիկ Քեռյանի հետ։
«Այժմ երբ որ ԵՄ–ի համար, ընդհանրապես հավաքական Արևմուտքի համար Հարավային Կովկասում ամրապնդվելու և ռուսական ազդեցությունը չեզոքացնելու շատ բարդ խնդիր է դրված, դրանք գնում են բոլոր նմանատիպ զիջումային քայլերի, որ իրենց ազդեցության տակ պահեն hարավկովկասյան պետությունները»,– ասաց Քեռյանը։
Քեռյանը հիշեցրեց, թե որքան երկար ժամանակ խոսք չկար Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ։ Ըստ նրա՝ Հայաստանը վերջին տարիների ընթացքում բավականին հաստատակամ ընտրել է արևմտյան արտաքին քաղաքական վեկտորը և սառեցնում է հարաբերությունները Եվրասիական ռազմաքաղաքական կառույցների հետ։
«Հնարավոր է, որ սկսեն, բայց մի քանի տարի չտան, կարող է շուտ տան, նույնիսկ հնարավոր է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ տան, եթե այս տարվա քաղաքական իրադարձությունները չփոխեն իրավիճակը տարածաշրջանում։ Խոսքը ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին է, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների, և թե ՌԴ–ն ինչպես դուրս կգա ուկրաինական ճգնաժամից։ Հասկանալով, որ կարող է իրավիճակ փոխվել, և Հայաստանը կարող է կրկին սառեցնել հարաբերությունները Արևմուտքի հետ, դա կանխելու համար նմանատիպ քայլերի են գնում»,– նշեց Քեռյանը։
Իսկ հարցին, թե արդյո՞ք ԵՄ–ի հետ վիզայի ազատականացումը կարող ենք սպասել մոտ ապագայում, Քեռյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ երկար կձգվի որոշումը։
«Այս տարի բացառված է, կսկսվեն բանակցություններ, պայմանագրեր, և միջոցառումների տեղի կունենան, բայց այս տարի բացառված է, մինչև նշված իրադարձությունները չավարտվեն, և ԵՄ–ի համար պարզ չդառնա, թե ինչպիսի՞ն է իր ազդեցությունը Հարավային Կովկասում։ Իմ կարծիքով՝ վիզաների ազատականացման գործընթացն այս տարի արդյունքներ չի տա, մինչև չպարզվի քաղաքական իրավիճակը, իսկ մյուս տարի կախված է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կլինի»,– եզրափակեց Քեռյանը։
Մարիաննա Արամյան