Խաղաղության փակուղին

Խաղաղության փակուղին

Երեկ ռուսական ԶԼՄ-ներում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միաժամանակ խոսում էին խաղաղության պայմանագրի հեռանկարի մասին:

Փաշինյանը վերահաստատել է՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել է Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։

Մոսկվայում լրագրողի հարցին՝ «ե՞րբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ պատասխանել է. «Երբ ամբողջը համաձայնեցվի»:

Կողմերի այս դիրքորոշումները պարզ են դեռևս օգոստոսի վերջից, երբ Փաշինյանն առաջարկեց արդեն համաձայնեցված կետերով փաստաթուղթ ստորագրել, իսկ Բաքուն դրան ոչ միայն առարկեց, այլ նոր եռանդով պնդեց Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը:

Հիմա խիստ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ պնդում մի դիրքորոշում, որն արդեն քանիցս մերժվել է Բաքվի կողմից:

Արդյո՞ք նա միամիտ հույսեր ունի, որ այսկերպ կարող է միջազգային հանրության միջոցով ճնշում բանեցնել Բաքվի վրա:

Եթե հաշվարկը սա է, ապա այն միանշանակ չի աշխատում, որովհետև տեսանելի չէ որևէ միջազգային ճնշում Ադրբեջանի նկատմամբ:

Իհարկե, միանգամայն հնարավոր է այլ տարբերակ:

Գուցե այսօրվա ստատուս-քվոն ինչ-որ տեղ բավարարում է նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա խնդիրը ոչ այնքան փաստաթուղթ ստորագրելն է, որքան՝ ռիսկերի կառավարում իրականացնելը:

Որն էլ լինի ճշմարտությունը, կարգավորման գործընթացը կարող է հայտնվել փակուղում՝ դրանից բխող ռիսկերով:

Սուրեն Սուրենյանց