ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է անում Լաչինի միջանցքով վերականգնել ազատ երթևեկությունը. Պատել

ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է անում Լաչինի միջանցքով վերականգնել ազատ երթևեկությունը. Պատել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կայացած ճեպազրույցում Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, Ադրբեջանի իշխանություններին կրկին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։

«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքը շարունակաբար փակ մնալու կապակցությամբ, հատկապես, որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների տեղաշարժի համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Եվ այսպես, մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել այս միջանցքով կոմերցիոն, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը։ Մենք նաև գիտենք, որ չորեքշաբթի օրը տեղի է ունենալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, և մենք ակնկալում ենք, որ այնտեղ քննարկումները կշարունակվեն», - ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը։

Պատելը նաև հավելել է. «Բայց մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այդ երկարատև հակամարտությունը լուծելու հարցում, և մենք կարծում ենք՝ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ բան կլինի և դրական քայլ առաջ»։