Հայկ Սարգսյանի կանխիկ դրամական միջոցներն աճել են, անկանխիկը՝ նվազել․ ի՞նչ է հայտարարագրել պատգամավորը

Հայկ Սարգսյանի կանխիկ դրամական միջոցներն աճել են, անկանխիկը՝ նվազել․ ի՞նչ է հայտարարագրել պատգամավորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը 2023 թվականի հաշվետու տարում հայտարարագրել է մեկ Mercedes մակնիշի մեքենա՝ արտադրված 2005 թվականին, որը ձեռք է բերել 2017 թվականին և մեկ Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2013 թվականին, որը պատգամավորը ձեռք է բերել 2019 թվականին՝ իշխանության գալուց հետո։ Անցյալ տարվա ընթացքում նա նաև 1 մլն դրամով օտարել է 2004 թվականի արտադրության Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Նա նաև որպես համատեղ սեփականություն կառուցում է բնակելի տուն Արաբկիր համայնքում, որը դեռևս պետական գրանցում չի ստացել։ 

Ինչ վերաբերում է պատգամավորի դրամական միջոցներին, ապա հաշվետու տարվա սկզբին Հայկ Սարգսյանն իր բանկային հաշվին ունեցել է 2 մլն 952 հազար 755 դրամ, որը տարվա վերջին նվազել է՝ դառնալով 818 հազար 395 դրամ։ Փոխարենն ավելացել են ՔՊ-ական պատգամավորի կանխիկ դրամական միջոցները։ Այսպես, տարվա սկզբին նա ունեցել է 59 հազար դոլար և 25 մլն դրամ, որը տարվա վերջին ավելացել է՝ դառնալով 62 հազար դոլար և  29 մլն դրամ։ 

Պատգամավորի՝ տարվա ընթացքում ստացած եկամուտը կազմել է մոտ 12 մլն դրամ, որի մեծ մասը՝ մոտ 10 մլն դրամը, կազմել է Ազգային ժողովի աշխատակազմից ստացած վարձատրությունը։

Վահե Մակարյան