Ինչո՞վ է իր ապրուստը հոգում նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը, որը պատերազմից հետո դուրս եկավ իշխող խմբակցությունից, իսկ արտահերթ ընտրություններին էլ այլևս չմասնակցեց ՔՊ-ի ցուցակով, վերջին անգամ քաղաքական ակտիվություն ցուցաբերել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Նա այդ շրջանում հանդես էր գալիս «Ապրելու երկիր» կուսակցության անունից՝ այդ կուսակցության ցուցակով որպես ավագանու անդամի թեկնածու։ Բայց «Ապրելու երկիրը» չանցավ ավագանու կազմ, և ինչպես շատերը այդ ցուցակից, Գոռ Գևորգյանն էլ պասիվացավ ու դուրս եկավ քաղաքական ասպարեզից։
MediaHub-ը հիշել էր նրան, ու որոշեցինք հետաքրքրվել, թե ինչով է զբաղվում, ինչով է հոգում իր ապրուստը, հատկապես, որ վերջերս Գոռ Գևորգյանին տեսել էին տաքսի վարելիս:
«Դասախոսություններս կան, մի քիչ սահամանափակվել են, իհարկե, չգիտեմ՝ ով է Ձեզ էդպիսի բան ասել, երևի շփոթմունք է եղել, չգիտեմ։ Հիմա գիտամանկավարժական գործունեությամբ եմ զբաղվում, ԵՊՀ-ում ու սլավոնականում ժամեր ունեմ, դրանցով եմ զբաղվում, մինչև հասկանանք՝ ինչ կլինի»,- ասաց Գևորգյանը։
Հետո նշեց, որ որևէ աշխատանքի մեջ անպատվաբեր բան չկա, եթե մարդ կարողանում է առանց որևէ մեկին խաբելու, վնաս տալու իր հացի փողը աշխատել։
«Տաքսի վարելը վատ բան չէ, ցանկացած աշխատանք միշտ պատվաբեր է։ Եթե մարդ կարողանում է հացի փող վաստակել՝ առանց որևէ մեկին խաբելու, առանց որևէ շորթման և պետությանը վնաս չտալով, դա միայն էդ մարդու պատվի մասին է խոսում։ Եթե մի երկրում, ասենք, օրինակ, Վահե Մակարյանը, որը լրագրող է և ունի համապատասխան ռեսուրս, որը ծախսել է լրագրող դառնալու համար ու դրա հետ մեկտեղ անում է նաև այլ աշխատանք, դա արդեն պետության խնդիրն է, պետությունը պետք է հասկանա, թե ինչու է Վահե Մակարյանը իր կարևոր աշխատանքը թողած՝ նաև այլ գործով զբաղվում։ Դա խնդիր է։ Իսկ ես տարբեր ճանապարհներով, որով հնարավոր է գումար վաստակել արդար քրտինքով, միշտ էդ ուղղությամբ մտածել եմ՝ 2021 թվականից սկսած»,- ասաց նախկին պատգամավորը։
Ինչ վերաբերում է նորից քաղաքական դաշտ վերադառնալուն, Գոռ Գևորգյանն ասաց՝ քաղաքականություն պետք է լինի, որ քաղաքական դաշտ վերադառնանք։
«Երբ որ նպաստավոր պայմաններ ստեղծվեն, որպեսզի առողջ միտքը տեղ ունենա հասարակության մեջ, առողջ միտքը պահանջված լինի պետականաշինության մեջ, բնականաբար, ես էլ, ինձ նման շատ-շատերն էլ, որոնք մտահոգ են մեր պետության ներկայով ու ապագայով, բնականաբար անմասն չեն մնա էդ ամեն ինչից»,- ասաց մեր զրուցակիցը։
Վահե Մակարյան