Պարզ է, որ հեզասահ իրար հետ պայմանավորվել են․ Մանուկյանը՝ Ադրբեջանի կողմից կանոնակարգը հաստատելու մասին

Այսօր Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց ԱԺ-ի կողմից օրերս վավերացված «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հահաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը։
Մինչ այդ, հիշեցնենք, խորհրդարանական քննարկումների ժամանակ ընդդիմությունը հարց էր բարձրացնում, թե ինչո՞ւ է Հայաստանը շտապում առաջինն ինքը վավերացնել այս կանոնակարգը, երաշխիք կա՞, որ Ադրբեջանը նույնպես կվավերացնի, թե՞ հնարավոր է՝ Ադրբեջանը հետ կանգնի այս գործընթացից։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես հաստատել է այս կանոնակարգը։ MediaHub-ը հետաքրքրվեց ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից, թե ի՞նչ կարող է ասել այս կապակցությամբ, փարատվե՞ց ընդդիմության մտավախությունը։
«Բնականաբար, մենք մտավախություն պետք է հայտնեինք, որովհետև ցանկացած պատասխանատու մարդ բոլոր սցենարները պետք է պատկերացներ։ Հիմա պարզ է, որ հեզասահ իրար հետ պայմանավորվել են, տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն»,-ասաց Մանուկյանը։
Հարցին՝ սա դրակա՞ն է համարում, որ Ադրբեջանը նույնպես վավերացրեց կանոնակարգը, Մանուկյանն ասաց․ «Չէ, ընդհանրապես այս գործընթացը չի կարելի դրական համարել։ Ուղղակի փաստն արձանագրենք, որ Ադրբեջանը հաստատել է, տեսնենք՝ ինչ են անելու։ Որքան հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, ինքը առայժմ չի մտածելու Հայաստանի օկուպացված տարածքների սահմանազատման մասին»։
Վահե Մակարյան