Արցախը Ուկրաինային օգնություն է ուղարկել ՌԴ-ի միջոցով, ոչ թե ուղիղ․ Մետաքսե Հակոբյան

Արցախը Ուկրաինային օգնություն է ուղարկել ՌԴ-ի միջոցով, ոչ թե ուղիղ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետությունը հումանիտար օգնությունը Ուկրաինա ուղարկել է ոչ թե ուղիղ, այլ ՌԴ-ի միջոցով, սա շատ կարևոր է, պետք է այս փաստը հաշվի առնել։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Օգնությունն ուղարկվել է այնտեղ, որտեղ ՌԴ-ի կողմից հավաքագրվում է օգնությունը և տարվում է Ուկրաինա։ Սա շատ կարևոր է, նույնիսկ այօրվա ԱՀ  ղեկավարությունն ուղիղ աջակցություն ցուցաբերելու ռիսկին չէր գնա։ Շատ կարևոր է արձանագրել, որ ուղարկվել է ՌԴ»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ Արցախում Ադրբեջանին Ուկրաինայի աջակցությյան մասին չեն մոռացել, բայց սա այլ հարց է, որը ոչ միայն քաղաքական նշանակություն ունի, այլ նաև մարդասիրական․ Ուկրաինայում նաև մեր հայրենակիցներն են ապրում։

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ Արցախում բավականին բարձր են գնահատել այն հանգամանքը, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչը օգտագործել էր «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը։

«Դրան հետևեց Ադրբեջանի ԱԳՆ-ի ագրեսիվ հայտարարությունը, հնարավոր էր նույնիսկ  սահմանին սադրանքների կրկին դիմեն։ Կարծում եմ, որ ռուս խաղաղապահները ևս պետք է շատ զգոն լինեն։ Ինչ Ուկրաինայում ռազմական գործողություններ են սկսել, այստեղ շատ լարված է  դրությունը։ Չեն թողնում նույնիսկ շփման գծին մոտ գտնվող  հողատարածքներին մարդիկ մոտենան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը 14 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Ինչպես  երեկ փոխանցել էր ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Միխայիլ Մեզինցևը:

«Սիրիայից 50 տոննա մարդասիրական օգնություն է հասցվել Ուկրաինա, Լեռնային Ղարաբաղից՝ 14 տոննա, որը հատկացվել է Կիևի և Զապորոժիեի շրջանի բնակիչներին», -ասել է նա

Անի Գևորգյան