«Կոշ»-ի ՔԿՀ-ի տեղում արտադրամա՞ս կբացվի․ ի՞նչ փուլում է լուծարման գործընթացը

Դեռևս նախորդ տարի հոկտեմբերի 28-ի կառավարության նիստում հավանություն տրվեց «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները լուծարելու Արդարադատության նախարարության առաջարկին։
MediaHub.am-ին Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նանա Նավիկյանը հայտնեց, որ նշված ՔԿՀ-ները հանձնվելու են Պետգույքի կառավարման կոմիտեին, գույքագրումն իրականացվել է, իսկ այժմ հանձնման գործընթացն է ընթանում։
MediaHub.am-ը Պետգույքի կառավարման կոմիտեից հետաքրքրվել էր, թե ի՞նչ եղանակով են Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները օտարվելու, արդյոք դրանք հանվելու են աճուրդի, ամրակցվելու են այլ պետական կառույցի, անհատույց օգտագործման են հանձնվելու, թե այլ եղանակով են օտարվելու։ Ի պատասխան մեր հարցերի` Պետգույքի կառավարման կոմիտեի տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու Գեղամ Ասատրյանը հայտնեց, որ դեռևս գույքն իրենց տնօրինմանը չի հանձնվել և, հետևաբար, օտարման գործընթացի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել։
Թեև շենքերի նոր սեփականատերերը հայտնի չեն և ինչպես պնդում են Պետգույքի կոմիտեից՝ գործընթաց էլ սկսված չէ, սակայն մեր տեղեկություններով «Կոշ»-ի քրեակատարողական հիմնարկի շենքը նպատակ ունի ձեռք բերել «Գրանդ հոլդինգ»-ը և այնտեղ արտադրամաս հիմնել։ Այս ուղղությամբ անգամ աշխատանքներ են տարվում։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունից պարզաբանել էին, որ ՔԿՀ-ները օպտիմալացվում են, քանի որ գրեթե բոլորը կիսով չափ դատարկ են, բացի այդ էլ միայն «Կոշ»-ի և «Հրազդան»-ի ՔԿՀ-ների լուծարմամբ 2022թ-ին խնայվելու է 1 միլարդ 200 միլիոն դրամ։