Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը մեկ րոպե մնաց, ապա ջնջվեց ու հայտնվեց Արտակ Բեգլարյանի էջում

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը մեկ րոպե մնաց, ապա ջնջվեց ու հայտնվեց Արտակ Բեգլարյանի էջում

Քիչ առաջ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան ալիքում հրապարակվեց հայտարարության տեքստ, որում անդրադարձ էր կատարվում ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու միջադեպին․ այս ամենը չի վրիպել MediaHub-ի աչքից։:

Ուշագրավը, սակայն այն է, որ հայտարարությունը տառացիորեն րոպե անց ջնջվեց: Ապա գրեթե նույնաբովանդակը հայտնվեց Արցախի արդեն նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի տելեգրամյան ալիքում:

Ահա թե ինչ հայտարարություն էր հրապարակվել Ռուբեն Վարդանյանի պաշտոնական էջում, ինչպես երևում է նաև սքրինշոթից.

«Ադրբեջանի գործողությունները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին հերթական սադրանքն են:

Ակնհայտ է, որ պատրվակը մտացածին է, դրա տակ փորձ է արվում խզել Արցախի և Հայաստանի միակ կապը։ Այդ կապը, եռակողմ պայմանավորվածությունների համաձայն, ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը։

Այսպիսով, Ադրբեջանի գործողություններն ուղղված են ուղղակիորեն խաղաղապահների դեմ։ Վստահ եմ, որ առաջիկայում ճանապարհային հաղորդակցությունը կվերականգնվի»:

Իսկ ահա Արտակ Բեգլարյանի հայտարարության մեջ, որը տառացի կրկնում է այս մեկը, միայն մեկ տարբերություն կա՝ նշվում է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Արցախի 120 000 բնակչության ու ռուս խաղաղապահների դեմ:  

Կարող ենք ենթադրել, որ թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ Արտակ Բեգլարյանի էջերը վարում է նույն անձը, որն էլ շփոթել է՝ գործող, թե նախկին պետնախարարի էջում այն պետք է տեղադրի: