Կսուբսիդավորվի բնակարանի էներգաապահովման համար տրամադրվող վարկը․ Արմեն Ղուլարյան

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի խոսքով՝ այս նախագծով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:

«ՀՀ-ում վիճակագրական տվյալների համաձայն՝ առկա է 19183 բազմաբնակարան շենք՝ 450 հազար բնակարաններով, և 420 հազար բնակելի տուն (ընդհանուր առմամբ՝ շուրջ 860.0 հազար բնակելի միավոր): Առկա բնակարանային ֆոնդի շուրջ 80%-ը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և սեփականաշնորհման գործընթացից ի վեր, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել»,- ներկայացրեց նա։

Ըստ Ղուլարյանի՝ բնակարանային ֆոնդի նշված հատվածում իրականացված չեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում՝ թեև տնային տնտեսություններն իրենց եկամուտների զգալի մասն ուղղում են էներգիայի սպառման դիմաց ծախսերի վճարմանը, չեն կարողանում բավարար չափով ապահովել իրենց բնակելի տարածքների լիարժեք ջեռուցումը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը չի վերաբերում 4-րդ կարգի վթարային շենքերին ու տներին: