Հույս կա, որ մինչև օրվա վերջ վրացական կողմը կբացի ճանապարհը․ ի՞նչ իրավիճակ է Վերին Լարսում

Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետը երկու օր է՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակ է։ Լարսում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը MediaHub-ին հայտնեց, որ մոտ 600 հայկական բեռնատար կա այս պահին Լարսում կանգնած ռուսական կողմից, իսկ վրացական կողմից՝ դեպի Ռուսաստան ուղղությամբ, շուրջ 300 հայկական բեռնատար:
Մարդատար մեքենաների հերթը հասնում է մոտ 2 կմ-ի։
Հակոբյանն ասաց, որ այս պահի դրությամբ վրացական կողմն արդեն սկսել է ձնամաքրման աշխատանքները, և հույս կա, որ օրվա ընթացքում մարդատար մեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի, և հավանական է, որ մինչև օրվա վերջ կամ վաղը նաև բեռնատարների համար կվերականգնվի։
«Ասում են՝ այսօր կբացվի թեթև մարդատարների համար, բայց կոնկրետ ժամ չեն նշում վրացական կողմում, սպասում ենք դեռ լուրերի»,- ասաց Վահան Հակոբյանը։
-Պարոն Հակոբյան, մեզ ահազանգում են Լարսում մնացած մեր հայրենակիցներից, որ ահավոր վիճակ է իրենց մոտ՝ մեքենայի վառելիքն է վերջանում, սնունդ չկա, մի երեխայի արդեն հիվանդանոց են տանում, և հայկական կողմից էլ որևէ մեկը որևէ ձևով իրենց օժանդակություն չի ցուցաբերում։
-Դե, բնականաբար, եթե էնտեղ արդեն երկու գիշեր մեքենայի մեջ մնացել են, վառելիքն էլ կավարտվի, խնդիրներ կառաջանան, բայց ռուսական ԱԻՆ-ը տեղում օգնություն է ցուցաբերում բոլորին, էնտեղ տաք թեյ են տալիս, կերակրում են, լիցքավորում են հեռախոսները, տաքացնում են ժողովրդին։
-Իսկ Դուք՝ որպես ՀՀ մաքսային կցորդ, ի՞նչ եք անում այնտեղ, ինչո՞վ եք օգնում մեր քաղաքացիներին։
-Մեր քաղաքացիներին, ցավոք սրտի, ոչնչով օգնելու լիազորություն և հնարավորություն չունեմ, ես աշխատում եմ ռուսական և վրացական կողմի հետ այս պահին, ու փորձում ենք հնարավորինս անել, որ մի րոպե շուտ հարցերը կարողանանք լուծել։ Իմ գործառույթը մաքսային է, ես զբաղվում եմ մաքսային հարցերով։ Անձամբ՝ որպես անհատ, որպես քաղաքացի, ում կարողանում օգնում եմ, բայց դա իմ պարտականությունների հետ ոչ մի կապ չունի, իմ պարտականությունները կապված են մաքսային ծառայության հետ, դրա հետ կապված՝ աշխատում ենք ռուսական կողմի հետ այս պահին։
-Իսկ ի՞նչ եք կարծում, երբ ճանապարհը բացվի վրացական կողմից, ի՞նչ ինտենսիվությամբ կթեթևանան հերթերը։
-Դժվար է այս պահին ասելը, որովհետև ճանապարհը փակ է, ու բացելուց հետո ամբողջությամբ ճանապարհը չի բացվի, կարծում եմ՝ դեռ երկու օր ճանապարհը կմաքրեն, մինչև ամբողջությամբ իր թողունակությունը վերականգնվի։ Կարծում եմ՝ առաջին հերթին կփորձեն մաքրել թեթև մարդատար մեքենաների հերթերը, որից հետո նոր բեռնատարների շարժը կվերականգնվի։
Վահե Մակարյան