«Այո՛». ՊՆ-ից հաստատում են Ջալալ Հարությունյանի պաշտոնից ազատվելու լուրը

«Այո՛». ՊՆ-ից հաստատում են Ջալալ Հարությունյանի պաշտոնից ազատվելու լուրը

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ գեներալ-լեյտենանտ Ջ․ Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ծառայության ընթացքում անփույթ վերաբերմունք ցուցաբերելու համար։ 

MediaHub.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք խոսքը Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի մասին է, ինչպես ենթադրելի է։

«Այո՛»,- ասաց Թորոսյանը։

Հիշեցնենք, որ պատերազմից հետո բոլորը սպասում էին Ջալալ Հարությունյանի խոսքին՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվել պատերազմի ընթացքում, ինչ քննարկումներ են եղել բունկերում, սակայն նա, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ձկան պես լուռ էր։ Փոխարենը նա շատ շուտով ՀՀ-ում պաշտոն ստացավ: 

Հիշեցնենք, Ջալալ Հարությունյանը 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել: 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Միքայել Արզումանյանը, իսկ դրա հաջորդն օրն իսկ Հարությունյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչումը։
2021 թվականի փետրվարի սկզբին նա նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

Այսօր, մեղադրանքից ընդամենը ժամեր առաջ, Հարությունյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

Նարե Գնունի