Որտե՞ղ են Արցախի ավտոմեքենաները, Քերոբյանի հրաժարականը անակնկալի է բերել ՔՊ-ականների մեծ մասին. Մամուլը՝ սուրճով

Որտե՞ղ են Արցախի ավտոմեքենաները, Քերոբյանի հրաժարականը անակնկալի է բերել ՔՊ-ականների մեծ մասին. Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՄ անդամ երկրների կառավարությունները մինչև հուլիս պետք է համաձայնության գան Եվրոպական խորհրդարանի նախագահի թեկնածության շուրջ: Ամենահավանական թեկնածուներից մեկը համարվում է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին:

Խոսքը նույն Դրագիի մասին է, որի անունը շրջանառվում է Հայաստանում երեխաների առքուվաճառքի հետ կապված քրեական գործի շրջանակներում: Բանն այն է, որ, ըստ տեղեկությունների, Հայաստանից երեխա է որդեգրել նաև Մարիո Դրագիի որդին՝ Ջիակամո Դրագին։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ «երբ Հայաստանում հենց կառավարության նիստում հայտարարվեց, որ ապօրինի որդեգրումներ են իրականացվել, իսկ հետո նաև քրեական գործ հարուցվեց, քիչ էր մնացել քաղաքական սկանդալ հասունանար` Իտալիայի նախկին վարչապետը, նրա ընտանիքը պահանջել են ՀՀ իշխանություններից` դադարեցնել գործի քննությունը և ամոթալի աղմուկը, որը վնասում է իրենց ընտանիքին և որդեգրված երեխայի իրավունքներն է ոտնահարում»:

Ըստ այդմ, հայկական կողմը ստիպված է եղել քրեական գործի նյութերից հեռացնել Իտալիայի վարչապետի թոռան էպիզոդը և Դրագիի կողմից իրականացված որդեգրության մասին տվյալները։ Եվ ահա, հիմա նույն Մարիո Դրագին հավակնում է դառնալ Եվրոպական խորհրդարանի նախագահ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Արցախի պետական գերատեսչություններին սպասարկած ծառայողական մեքենաների գտնվելու վայրի, ճակատագրի վերաբերյալ վերջին շրջանում աղմկահարույց լուրեր են շրջանառվում, թե իբր Արցախի պաշտոնյաները սեփականաշնորհել կամ սեփականացրել են իրենց ղեկավարած կառույցները սպասարկած պետական ավտոմեքենաները։

Մեզ տեղեկություններ հասան, որ Հայաստանի իշխանությունը, կոնկրետ` Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի պատճառներով հրաժարվում է ընդունել այդ մեքենաները ՀՀ կառավարության տնօրինության տակ, եւ դրանք այս ու այնտեղ կայանված` սպասում են որոշման։ Մինչդեռ դրանց մեջ կան շատ լավ վիճակում գտնվող փոխադրամիջոցներ, որոնք կարող են ծառայել համապատասխան գերատեսչություններին` առողջապահական, իրավապահ, փրկարարական եւ այլն:

Մենք դիմեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` հարցրինք, թե որտեղ են գտնվում Արցախի պետական կառույցներին սպասարկած փոխադրամիջոցները, ում հաշվեկշռում, եւ ինչ են պատրաստվում անել դրանց հետ: Զարմանալիորեն, Պետգույքի կառավարման կոմիտեի խոսնակը հայտարարեց. «Հրաժարվում ենք մեկնաբանել այդ հարցը»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ 

«Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի երեկվա հրաժարականն անակնկալի է բերել ՔՊ-ականներին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում մի քանի հոգի են իմացել միայն նախարարի հրաժարականի մասին, իսկ մյուսները նրա գրառումից են իմացել լուրն ու անակնկալի եկել:

Ավելին՝ ՔՊ-ականների, մասնավորապես՝ խորհրդարանականների սրտով այնքան էլ չի եղել Քերոբյանի հրաժարականը. ոմանք նաեւ անթաքույց ափսոսանք են հայտնել, քանի որ լավ հարաբերություններ են ունեցել նրա հետ. ի տարբերություն շատ այլ նախարարների՝ Քերոբյանը մշտապես հասանելի է եղել թիմակիցների համար, ու նրա հետ կարողացել են աշխատանքը հեշտ կազմակերպել: Մի խոսքով, մինչեւ չգա հետինը, չի հիշվի առաջինը»։