«Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան

«Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում.  «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան

Սանկտ Պետերբուրգի հանրահայտ «Imperial Orchestra» նվագախումբը գալիս է Երևան. մայիսի 18-ին և 19-ին սպասվում է համաշխարհային սաունդթրեքերի երկու վառ շոու՝  Cinema Medley «Interstellar» և Cinema Medley «Oppenheimer»:

Նշենք, որ Cinema Medley շոուն արդեն դիտել է ավելի քան 500,000 հանդիսատես Ռուսաստանի լավագույն համերգային հարթակներում: Երևանում կներկայացվի ավելի քան 30 ֆիլմերի երաժշտություն՝ «Հարի Փոթեր», «Ինտերսթելեր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ավատար», «Օպենհայմեր», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդրեքեր և այլն:  

Երկու օրերի ընթացքում հայ հանդիսատեսն ու մեր երկրի հյուրերը հնարավորություն կունենան ըմբոշխնել կինոյի լավագույն սաունդթրեքերը պրոֆեսիոնալների կատարմամբ՝ Imperial Orchestra-ի ավելի քան 100 վիրտուոզ երաժիշտներ կտեղափոխեն մեզ կինոյի կախարդական աշխարհ: Imperial Orchestra-ի նվագացանկը ներառում է ավելի քան 100 լեգենդար սաունդթրեքեր, որոնք ներառվել են Cinema Medley-ի մի քանի ծրագրերում: Ինչպես ասում է նվագախմբի տնօրեն Գուլիա Ռախմատուլինան, իրենց զինանոցում, բացի դասական երաժշտական գործիքներից, ունեն նաև ժողովրդական գործիքների մեծ հավաքածու՝ դուդուկ, վիսլ, բոդրում, ցիմբալներ, ընդլայնված հարվածային խումբ և սինթետիկ հնչողություն, իսկ բոլոր երաժիշտներն ամենաբարձր մակարդակի մասնագետներ են և նվագում են Ռուսաստանի լավագույն նվագախմբերում՝ Մարիինյան թատրոնում, Մեծ թատրոնում, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի վաստակավոր անսամբլում և այլն:

Երևանում կներկայացվեն ինչպես հին, դասական ու կուլտային համարվող ֆիլմերի սաւնդրեքեր, այնպես էլ բոլորովին նոր էկրաններ բարձրացած, օրինակ՝ «Դյունա» ֆիլմի երկրորդ մասի Հանս Ցիմմերի սաունդթրեքը: Ի դեպ, կինոթատրոնում ֆիլմի համաշխարհային պրեմիերայի ժամանակ Imperial Orchestra-ն ուղիղ եթերում կատարեց «Օփենհայմեր» ֆիլմի սաունդթրեքը, այդպիսով դառնալով աշխարհում առաջին նվագախումբը, որը նվագեց «Օպենհայմերը»: Երևանյան համերգի ժամանակ կհնչի նաև խորհրդային ֆիլմերից սիրված երաժշտություն:

Տնօրենն ասում է՝ իրենց կատարած յուրաքանչյուր սաունդթրեք Մեդլի ժանրի սիմֆոնիկ ֆանտազիա է, որը ներառում է ֆիլմի բոլոր առանցքային թեմաները։ Յուրաքանչյուր թրեքում աշխատում է կոմպոզիտորների մի ամբողջ կազմ՝ ստեղծելով յուրահատուկ պարտիտուր։

Հարցին՝ պատահու՞մ է, որ ազգային գործիքը հատուկ ընդգրկեն կոնկրետ երկրի համար, նա պատասխանում է.

«Մենք, իսկապես, սիրում ենք համագործակցել տարբեր արտիստների հետ և, իհարկե, փնտրում ենք յուրահատուկ տեմբրեր: Այսպիսով, Վիտալի Պողոսյանի կատարմամբ դուդուկի հնչյունն առանձնահատուկ նշանակություն ունի՝ փոխանցելով սրտի խորքից եկող հույզերն ու ապրումները։ Իհարկե, հենց Երևանում է, որ դա առանձնահատուկ արձագանք է առաջացնում հանդիսատեսի սրտերում»։