ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական սադրանքները

ՄԻՊ-ը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ադրբեջանական սադրանքները

Այսօր` մայիսի 11-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։ 

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերելի հարցերին:

Նա ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին, անձնական ազատության իրավունքին, հավաքների ազատությանը և այլ հիմնական իրավունքներին վերաբերելի չափանիշների պատշաճ իրացման կարևորությունը, ինչպես նաև ատելության խոսքի բացառման անհրաժեշտությունը:

Անահիտ Մանասյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և անցակետի տեղադրման հետևանքով տիրող հումանիտար իրավիճակը:

Պաշտպան Անահիտ Մանասյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորություններից բխող ընթացիկ աշխատանքների, ներառյալ՝ Եվրոպական դատարանի վճիռների կատարման կազմակերպումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների պատվիրակության կազմով մայիսի 11-ից 12-ը Ստրասբուրգում մասնակցում է «Վճիռների կատարման ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացման վերաբերյալ» խորագրով թեմատիկ քննարկմանը, ինչպես նաև HUDOC հարթակի հայերեն տարբերակի շնորհանդեսին։