ՔՊ-ական պատգամավորներին նոր հրահանգ է տրվել, Սյունիքում գաստրալյորների պակաս չի զգացվում․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հաշված օրեր են մնացել։ Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 14 քաղաքական ուժերը շարունակում են ակտիվորեն պատրաստվել քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւանի բոլոր վարչական շրջաններում արդեն շտաբներ է ամրագրել:
Շտաբները թեև պաշտոնապես չեն գործում, դեռ ցուցանակներ ու պաստառներ չկան, բայց ֆունկցիոնալ սկսել են գործել: Օգոստոսի 23-ից պաշտոնապես կգործեն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ, ՔՊ շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի որոշմամբ, վարչական շրջանների շտաբները համակարգելու են տվյալ վարչական շրջանների ղեկավարները, ինչպես մերժված նախկինում: Այսինքն՝ վարչական շրջանների ղեկավարները իրենց վարչական լծակներով պետք է ձայներ հավաքեն:
Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը գործելու է Հյուսիսային պողոտայում՝ «Յուքոմ»-ի շենքում. այն դեռ վերանորոգվում է:
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է իջել` անողոք լինել։
Հիշեցնենք, որ պաշտոնական քարոզարշավի մեկնարկն օգոստոսի 23-ին է, պատգամավորների արձակուրդն ավարտվում է օգոստոսի 25-ին, սակայն դա նշանակություն չունի` պետք է հենց 23-ից լծվեն աշխատանքի` առանց գլուխ պահելու։
«Հրապարակ» թերթը գրում է․
Սյունիքի մարզային քննչական վարչությունում դժգոհության մեծ ալիք է բարձրացել։ Օրերս պաշտոնանկ է արվել արդեն նախկին պետ Սարգիս Մարգարյանը, բայց դժգոհությունը ոչ թե Մարգարյանի պաշտոնանկության հետ է կապված, այլ որ նրան փոխարինող են բերել Շիրակի մարզից՝ Գուրգեն Գրիգորյանին, ով Շիրակի նախկին դատախազն է։ Սյունիքի իրավապահ կառույցում վիրավորված են՝ ինչ է, իրենց մարզում արժանավոր կադր չկա՞, որ պարբերաբար դրսից են մարդ բերում-նշանակում։
Պաշտոնանկ արված Մարգարյանն էլ Գեղարքունիքից է, ում կրկին վերադարձրել են հայրենի մարզ։ Սակայն սա վրդովմունքի միակ պատճառը չէ, բանն այն է, որ Գրիգորյանն էլ որոշել է իր տեղակալ նշանակել կրկին ոչ սյունեցի ոմն Վոլոդյա Մուրադյանի, ով մինչեւ պատերազմը քննչականում քննիչ է աշխատել, սակայն 44-օրյա պատերազմի օրերին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից՝ ազատման դիմումում չթաքցնելով, որ իր ընտանիքը Սյունիքում անվտանգ չի զգում, ուստի որոշել է հեռանալ մարզից։