Պարեկների մասնակցությամբ ծեծկռտուքի տեսագրություններ են հայտնվել

Պարեկների մասնակցությամբ ծեծկռտուքի տեսագրություններ են հայտնվել

Նոյեմբերի կեսերին Լոռիում Փաշինյանի ավտոշարասյան համար ճամփա բացող պարեկների եւ Ավետիսյանների ընտանիքի անդամների միջեւ ծեծկռտուքի տեսագրություններ է ստացել ՀՀ քննչական կոմիտեն, վարույթի շրջանակում ուսումնասիրում է, բայց, մինչ այս պահը ոչ՛ պարեկների, ո՛չ վանաձորցիների նկատմամբ քրեական հետապնդում չի սկսվել։

MediaHub-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ասաց, որ ի կատարումն  վարույթն իրականցնող մարմնի պահանջի, տվյալ դեպքին առնչվող տեսագրություններն ստացվել են Ոստիկանությունից, որոնք վարույթի շրջանակում ուսումնասիրվում են։ 

«Այս պահին երկու վարույթով էլ դեռեւս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել»,-նշեց նա։ 
Քրեական վարույթ է նախաձեռնվել եւ՛ քաղաքացիների, եւ՛ պարեկների գործողությունների մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

Ծծկռտուքից տուժած Ավետիսյան ընտանիքի անդամները պնդում են՝ պարեկները խոշտանգել են անգամ իրենց անչափահաս որդուն, կիրառել նույնիսկ արցունքաբեր գազ։ Փոխվոստիկանապետ Արա Ֆիդանյանը հակադարձում է՝ առերեւույթ չի համապատասխանում իրականությանը այն պնդումները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին։

«Միջադեպի ժամանակ քաղաքացիները երկաթյա ձողերով հարվածել են պարեկներին։ Հարուցվել է քրեական վարույթ, բոլոր հանգամանքները պարզ կլինեն։ Այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել՝ քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ։ Տեսագրություններն առկա են, մանրամասն տեղեկություններ կտրամադրվի քրեական վարույթի շրջանակներում»,- ավելի վաղ MediaHub-ի հարցին ի պատասխան ասել էր Արա Ֆիդանյանը։

Ռադիկ Ավետիսյանը հերքում է, թե իրենք նման բան են արել, հետաքրքրվում է որտե՞ղ է տեսագրությունը, թո՛ղ ցույց տան, որ խփել է։ «Թո՛ղ ցույց տան, որ երկաթյա մահակներով ծեծել ենք։ Ես վերցրել եմ, որ էրեխուն փրկեմ։ Ով՝ ինչ ուզում ա ասի, մեր փաստաբանը բոլոր հարցերը կլուծի։ Ես ոչ մեկի չեմ խփել մահակով, վերցրել եմ, որ փրկեմ էրեխուս կյանքը, կրկնում եմ։ Ոչ մեկի չեմ խփել, որ խփած լինեի, հիմա ոստիկանները հիվանդանոցում պառկած կլինեին»,-ավելի վաղ ասել էր նա։

Լիա Սարգսյան