Արցախցիներին օգնում են պարտքով ու գրոշներով․ տասը տարվա ընթացքում պետության տվածը պիտի նորից հետ տան

Նախորդ շաբաթ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարեց արցախցիների, կամ, ինչպես իրենք են ասում, «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների» համար նախատեսվող բնակարանային մատչելիության ծրագրի մասին, որը դեռ չի մեկնարկել։
Նախագիծն արդեն հասցրել է արցախցիների մոտ դժգոհություն հարուցել, քանի որ պետությունը ընդամենը երեք միլիոն դրամ է նրանց հատկացնելու տուն կառուցելու կամ ձեռքբերելու համար։ Արցախցիներն ասում են՝ այս իշխանությունները մեր հայրենիքը հանձնեցին, մեր տուն ու տեղը մեր ձեռքից խլեցին, տվեցին թշնամուն, մեզ սարքեցին բռնի տեղահանված, ու հիմա ընդամենը երեք միլիոն են տալիս, որ տուն ձեռք բերենք այստեղ։ Բայց սա դեռ միակ անակնկալը չէ արցախցիների համար։
Պարզվում է՝ պետության տված այդ գումարը նրանք պետք է հետո վերադարձնեն էլի պետությանը, այսինքն՝ Արցախը Ադրբեջանին լրիվ անվճար հանձնած ՀՀ կառավարությունը արցախցիներին պարտքով է փող տալիս, որ տուն կառուցեն Հայաստանում՝ իրենց հայրենիքի մյուս հատվածում, այն դեպքում, երբ իրենք իրենց բուն հայրենիքում՝ Արցախում, որը իրենց մեծ հայրենիքի իշխանությունները ճանաչեցին թշնամի պետության մաս, ունեին և՛ տուն, և հող, և՛ աշխատանք ու բիզնեսներ, որոշները՝ մեծ տնտեսություն, այգիներ, վարելահողեր, մի խոսքով՝ երջանիկ ապրում էին իրենց հողում, մինչև այն պահը, երբ այս իշխանությունները եկան ու որոշեցին, որ իրենց հայրենիքը իրենցը չէ՝ այն պետք է տալ թշնամուն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ ասացին, որ ծրագրի մեկնարկի վերաբերյալ դեռ հստակ ժամկետ չկա։ Ինչ վերաբերում է հետագայում պետության տված փողը նորից պետությանը վերադարձնելուն, նախարարությունից մեզ ասացին․ «Անչափահաս անձանց համար տրվող պետական աջակցությունը կլինի անվերադարձ, այսինքն՝ նրանք չեն ունենա հետագա վճարումների որևէ պարտավորություն։ Իսկ ընտանիքի չափահաս անդամների համար տրվող պետական աջակցությունը պետք է վերադարձվի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած, այլ գույքը ձեռք բերելուց որոշակի ժամանակ հետո։ Կենսաթոշակառուների և սոցիալապես խոցելի այլ անձանց համար կարող են սահմանվել հատուցման ենթակա գումարների նվազեցման արտոնություններ։ Չափահաս անձանց համար սահմանված վճարումները կատարելուց հետո ընտանիքը կստանա սեփականության իրավունք և կկարողանա առանց սահմանափակումների տնօրինել գույքը»։
Այսինքն՝ մինչև փողը հետ չտան, նրանց բնակարանի սեփականության վկայական չեն տրամադրի։ Անցյալ շաբաթ կառավարության «Հումանիտար կենտրոնում» այս ծրագրի մասին խոսեցին նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ու մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը՝ մանրամասնելով, թե ինչ սկզբուքններ են դրված ծրագրի հիմքում։ Փոխնախարարն ասաց, որ երեք եղանակով է աջակցություն տրամադրվելու՝ բնակելի տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և երրորդը՝ այն անձինք, որոնք հնարավորություն չեն ունենա բնակարան ձեռք բերել կամ տուն կառուցել, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարանային պայմաններով։
«Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կունենան ՀՀ քաղաքացիություն, հետևաբար, կարծում եմ՝ մեր հայրենակիցները պետք է արդեն ժամանակ շահելու նպատակով սկսեն դիմել քաղաքացիության համար, որից հետո բնակարանային աջակցության ծրագիրը, երբ սկսվի, նրանք բնակարանը ձեռք բերելուց հետո կունենան տասը տարի այնտեղ ապրելու հնարավորություն, և տասը տարի այդ տանը ապրելուց հետո նրանք կդառնան այդ գույքի լիիրավ սեփականատեր», -ասաց Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ մեկ անձի հաշվով տրամադրվող աջակցության չափը կազմում է երեք միլիոն դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր մեկ շնչին կառավարությունը երեք միլիոն կտա, և եթե ընտանիքը, ենթադրենք, երկու շնչից է բաղկացած, ապա նրանք կստանան վեց միլիոն դրամ և պետք է կարողանան վեց միլիոնով բնակարան գտնել Հայաստանում կամ մնացածը իրենց գրպանից ավելացնել, իսկ այդ վեց միլիոնն էլ տասը տարվա ընթացքում պետք է նորից վերադարձնեն պետությանը։
Վահե Մակարյան