Սա Եվրոպա չէ, մարդիկ չեն գնա ճաշարան. արցախցին՝ բարեգործական ճաշարանի մասին

Սա Եվրոպա չէ, մարդիկ չեն գնա ճաշարան. արցախցին՝ բարեգործական ճաշարանի մասին

Արցախում այսօրվանից բարեգործական ճաշարան է գործելու, որից կօգտվեն մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։ Ճաշարանը, որ բաց է լինելու այսօրվանից, Ռուբեն Վարդանյանի գլխավորած «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման ջանքերով, արցախցիներից շատերի համար փրկություն է, բայց կան նաև մարդիկ, որ համարում են, որ այն  չի աշխատի։

«Եթե այդ հնարավորությունը կա, այսինքն՝ սնունդ կա, ապա կարող են դա տրամադրել այն մարդկանց, որոնց համար բացվել է ճաշարանը։ Ախր մենք եվրոպացի չենք, արցախցի ենք, լեռնային ժողովուրդ, այստեղ մարդիկ չեն գնա ճաշարան. դա մի քիչ մերը չէ, մեզ համար չէ»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։

Նրա խոսքով՝ շատ արցախցիներ հիմա սովամահ են լինում, չեն կարողանում ապրել, ու սա իրենց համար իրոք կարող է փրկություն լինել։

«Եթե իրոք ուզում են մարդկանց օգնել, ապա դա կարող են լուռ անել, առանց նման միջոցառումների։ Էլի եմ ասում, գաղափարը լավն է, ու Աստված պահապան էն մարդկանց, որոնք սովամահ լինող մի հղի կնոջ համար սնունդ են ապահովում, բայց, եթե այդ սնունդը մարդկանց ընտանիքների տային, ապա հաստատ ավելի շատ հղի կանայք կօգտվեին այդ բարեգործությունից»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ճաշարանից օգտվելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, ծննդյան վկայական), հղիների դեպքում՝ նաև ծննդատնից տեղեկանքով։ 

Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից է, ժամը 13։00 - 16։00, վայրը՝ «Park Hotel» հյուրանոցային համալիր։ Մուտքը՝ շենքի բակի կողմից։ 

Նարե Գնունի